Մարտի 1-ի գործը՝ տաբու (տեսանյութ)
Մարտի մեկի դեպքերից հետո՝ 10 մահ, 170 անձի նկատմամբ կալանք եւ 90 մեղադրական դատավճիռ, սակայն ոչ մեկը չի ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք կրելու համար։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ ԱԺ-ում ՀԱԿ-ը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի 2008 թ. մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի։ «Եթե իրավապահ մարմինները իրենց գործը արած լինեին, երբեք չէի բարձրանա եւ երկրորդ անգամ նույն հարցը չէի բարձրացնի։ Այս գործի բացահայտումը ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասի արդյունք է, այլ ուղղակի այս գործը տաբուի տակ է դրված եւ չի կարելի սրան մոտենալ»,- եզրակացրեց Գագիկ Ջհանգիրյանը։ Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն չի գործադրում իր լիազորությունները դեպքերի բացահայտման ուղղությամբ, ապա բոլորը մասնակցում են հանցագործության պարտակմանը։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարոն Ջհանգիրյանից փորձեց պարզել, թե 2008 թ-ին որքանով են ոստիկանության գործողությունները եղել օրինաչափ, ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Մյասնիկյանի արձանի մոտ։ Նախկին զինդատախազը նշեց, որ մինչեւ հիմա չկա միասնական իշխանական տեսակետ, թե ոստիկաններն ինչ գործողություններ էին իրականացնում Ազատության հրապարակում, եւ որեւէ մեկը իրավական որեւէ հիմնավորում չունի։