Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հորդառատ անձրեւը շուտ է կտրվում». Գազի հարցով քննարկումներ (տեսանյութ)

Քաղաքականություն
12a89bf7777fd72d1be5f7904d826c5a

Արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հնչած ելույթներից իր տպավորությունն այն է, որ գործ ունեն խճճելու մեծ վարպետների հետ: Նա հայտարարեց, որ ուզում է անկեղծորեն ասել այն, ինչ կա իրականում «Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց մտադրության հետ կապված: «Մենք ոչ թաղելու, ոչ էլ թաքցնելու վարպետ չենք: Եթե կան մարդիկ, որոնք իրենց պաշտոնում չարաշահումներ են կատարել, ուրեմն պետք է պարզել: Հիմա ինչո՞ւ եք վարկաբեկում այդ դեռ չստեղծված հանձնաժողովը: Այն կարծիքին եմ, որ դուք ուղղակի չեք ուզում, որ այդ հանձնաժողովը ստեղծվի: Ուզում եմ ասել, որ մեզ վրա որեւէ ճնշում չկա, ու մենք ազատ ենք մեր որոշումներում: Ասացինք, որ հանձնաժողովի նախագահը կլինի կոալիցիայից, իսկ քարտուղարը՝ ընդդիմությունից. ինչ տարբերություն, լիազորությունների գերակայություն չկա»: ԱԺ նախագահը հայտարարեց նաեւ, որ իրենք համաձայն են անգամ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եզրակացությունը հրապարակել ոչ թե մինչեւ նոյեմբեր, այլ, ինչպես ԲՀԿ-ն է կամենում, մինչեւ մայիս. «Եթե պատրաստ լինի զեկույցը, մենք պատրաստ ենք լսելու ձեր զեկույցը: Եթե կան մարդիկ, որոնք ուզում են գալ հանձնաժողովի աշխատանքներին ու դեմագոգիայով զբաղվել, ապա ես դեմ եմ, թող կամերաների առաջ խոսեն: Ես ուզում եմ խոստանալ, որ նման հանձնաժողովներ շատ ենք ունենալու, այն հարցերը, որոնք արդիական են ու մտահոգում են հանրությանը, պարտավոր ենք վերհանել ու ներկայացնելու»: Ապա՝ Հովիկ Աբրահամյանը դիմեց իր այն գործընկերներին, որոնք պարբերաբար բռնկվում են, եւ հանդարտության կոչ արեց. «Հորդառատ անձրեւը շուտ է կտրվում: Ուզում եմ ասել նաեւ, որ ես ստեղծելու եմ բոլոր հնարավորությունները, որ այդ հանձնաժողովը գործի, որեւէ խոչընդոտ չենք հանդիսանալու: Եթե լինեն մեղավորներ, ես հետամուտ եմ լինելու, որ նրանք պատժվեն: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու»: Իսկ հիմնական զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կային ելույթներ, որոնք դատարկ էին եւ որոնք հնչում էին լսարանի համար, ու եթե դռնփակ նիստ լիներ, դրանք չէին հնչի. «Ես նաեւ ուզում եմ ասել՝ եթե մեզ հաջողվի ստեղծել այս հանձնաժողովը, ապա կունենանք քաղաքական նոր մշակույթ: Եկեք փորձենք կատարել արժեքավոր աշխատանք»: ԱԺ-ն ավարտեց «Գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀԿ եւ ՕԵԿ նախաձեռնության քննարկումը: Ընդմիջումից հետո խորհրդարանը կքննարկի ՀՅԴ նախաձեռնությունը՝ «Նաիրիտ» գործարանի ճակատագրի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: