«Ամեն ինչ միայն վատացել է». այսօր սոցիալական արդարության օրն է (տեսանյութ)
Ղարաբաղյան շարժման ամենահիշարժան օրը նաեւ սոցիալական արդարության միջազգային օրն է: Մեր համաքաղաքացիներն ամփոփում են` ամեն ինչ միայն վատացել է։ Երեւանցիների համբերության բաժակը լցվել է գազի, լույսի վճարի բարձրացման եւ առաջին անհրաժեշտության ապրանքների սպասվելիք թանկացումների պատճառով: Մեկ տարի առաջ ինչ-որ մեկը նախագահի աթոռը գրավելիս ուրիշ բաներ էր խոստանում. «Խոստանում էր Հայաստան առաջ, դեպի գնում ենք լավը, առաջ Հայաստան...»։ Հարցմանը մասնակցած երեւանցիները միակարծիք են հատկապես մեկ հարցում` Սերժ Սարգսյանը պիտի թողնի իշխանությունը, նա սոցիալական արդարությունից գաղափար չունի։ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դեմ է մի իշխանափոխության, որի դեպքում տնտեսական եւ սոցիալական գաղափարախոսությունը չի փոխվելու. «Եթե այսօրվա իշխանությունը իրոք փոխի իր գաղափարախոսությունը, իրոք անի էն, ինչ որ պետք ա հասարակությանը, թող աշխատի»: Դեմոկրատական կուսակցությունը համենայնդեպս քաղաքական այլ ուժերի հետ ձեւավորում են ձախ ուժերի դաշինք իշխանության գալու համար: Նրանք փոխելու են նաեւ երկրի սոցիալական քաղաքականությունը, այսօր ծիծաղելի է ասել, որ կա այդպիսի քաղաքականություն, վկան կենսաթոշակային բարեփոխումներն են. «Այսօր երիտասարդը հասել է մի մակարդակի, որ նրան փորձում են ստիպել, որ նա արտագաղթի»: Սոցիալական արդարության բացակայությունը Արամ Սարգսյանը տեսնում է հենց արտագաղթը խթանելու իշխանության նպատակային ջանքերի մեջ, այլապես Սերժ Սարգսյանն այդքան հանգիստ չէր ասի, որ հասարակության 80 տոկոսը դժգոհ է կենսաթոշակային բարեփոխումներից. «Եթե 80 տոկոսը դժգոհ է, պետք է կասեցնել այդ գործընթացը, սպասել, մինչեւ էդ 80 տոկոսը դառնա քեզ կողմնակից, նոր իրականացնեն»: