Ո՞վ է Մայդանում թելադրողը (տեսանյութ)
Ուկրիանայում կա քաղաքական ուժերի դերակատարման պասիվություն, որոշ պահերին այն նույնիսկ զրոյացվում է, որի փոխարեն ակտիվանում են առանձին աղանդների, ազգայնական կազմակերպությունների ագրեսիվ գործողությունները: «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ավելացնելով, որ Մայդանում պարբերաբար թելադրող են դառնում ոչ թե քաղաքական ընդդիմադիր ուժերը, այլ առանձին վերցված կազմակերպություններ: Նշենք, որ Ուկրաինայում սուգ է հայտարարվել՝ բախումների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար: Վերջին տվյալներով՝ զոհվել է 25 մարդ: Պարոն Ուրիխանյանը հույս հայտնեց, որ Մայդանում հավաքվածների պահանջները ողջամիտ կլինեն, որ Ուկրաինայում կտիրի համերաշխությունը: Տիգրան Ուրիխանյանը նկատում է` շուրջ 45 մլն-ի հասնող ազգաբնակչություն ունեցող Ուկրաինան,որը նաեւ Եվրոպայի տարածքում ամենամեծ տարածքն է ու բնամթերքների պաշարն ունեցողն է, ինչպես նաեւ` տարանցիկ հնարավորություններ ունեցողը, այսօր գտնվում է շատ ծանր վիճակում` հատկապես ներդրումների առումով, գների անկման առումով. «Ես ցավում եմ, որ մեր բարեկամ երկիրն ապրում է ոչ լավագույն օրերը, ինչից կարող էին զերծ մնալ ու շրջանցել` քաղաքական համերաշխության գալով եւ տնտեսության իրական սեկտորի մեջ ներդրումներ անելով»: