Րաֆֆին ու Հայրիկյանը երգեցին, էպոսագետը կրակեց (տեսանյութ)
2013-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հայ ժողովրդի հույսն էր, նրանից սպասում էին, որ կդառնա իշխանությունն ընտրություններով վերցնող առաջին ընդդիմադիր թեկնածուն։ Ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սեղմեց պարտված թեկնածու Սերժ Սարգսյանի ձեռքը եւ մնաց ընդդիմադիր: Երդմնակալության օրը ոստիկանապետի հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդ աղոթելու։ Ընտրությունների օրը ամենաշատ ձայն հավաքած մյուս ոչ իշխանական թեկնածուն Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էր, նա իր թեկնածությունը առաջադրեց՝ ի հեճուկս Հայ Ազգային Կոնգրեսի, որի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց չառաջադրվել։ Ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հպարտ է իր հավաքած 30 հազար ձայնի համար: Պարույր Հայրիկյանը ընտրություններին մասնակցող հաջորդ ընդդիմադիրն էր, ասում էր, որ իր պատմական պահն է, կարելի է արդեն երգել։ Հայրիկյանի վրա, սակայն, կրակեցին երգելուց 13 օր հետո եւ ընտրություններից 18 օր առաջ, մեղավորը ռուսներն էին։ Վիրավոր Հայրիկյանը մի քանի անգամ հայտարարեց ընտրությունները հետաձգելու մասին եւ մի քանի անգամ էլ հրապարակավ հրաժարվեց դրանից: Ընտրություններից հետո միայն հայտարարեց` հայրիկյաններ, գլուխներդ բարձր: Ո՞վ էր փորձել խոնարհեցնել հպարտ թեկնածուին, ըստ մեղադրանքի` նախագահի մյուս թեկնածուն` Վարդան Սեդրակյանը: Մասոններն են,-ընտրություններից առաջ հայտարարում է էպոսագետը. «Կարող եմ նաեւ ասել, որ այդ կազմակերպության ամերիկյան հիմնական էդ բուն կազմակերպության մեջ է մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը եւ ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը»: Քարոզարշավի ընթացքում Վարդան Սեդրակյանը ընտրողներին չհանդիպեց, փոխարենն այցելեց հացադուլի մեջ գտնվող մյուս թեկնածուին` Անդրիաս Ղուկասյանին: Նրան շատերն էին այցելում։ Ոչ իշխանական վերջին թեկնածուն Արման Մելիքյանն էր: Միակը, որը հայտարարեց, որ ընտրությունների օրը տեղամաս չի գնա եւ չի քվեարկի: Իսկ ընտրություններից հետո ասաց, որ իր ձայները գողացել են. «Ինձնից գողացվեց 11 հազար ձայն»: ԿԸՀ տվյալներով, սակայն, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը եւ Անդրիաս Ղուկասյանը հավաքել էին այնքան ձայն, որքան միայն Պարույր Հայրիկյանը: Ընդդիմության այդ օրերի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանափոխության թեման փակեց Ծիծեռնակաբերդի ճանապարհին` թող ինձ ոչ ոք չասի գնանք Բաղրամյան: