Եվրոպացիները դժգոհ են մեզնից ՄՄ-ի պատճառով
Փետրվարի 11-13-ը Բրյուսելում տեղի էր ունեցել «Եվրանեսթ»-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի եւ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: Պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, անդրադարձավ ադրբեջանցիների կողմից հնչեցված կարծիքներին ու դրանց՝ հայկական պատվիրակության արձագանքներին: Նա նաեւ ընդգծեց, որ եվրոպական մեր օրակարգը մնում է կայուն ու խորը, երկարատեւ ծրագրերով. «Այն կարծիքները, թե իբր ՀՀ-ն շեղվել է եվրաինտեգրման ճանապարհից, դա այդպես չէ՝ ՄՄ-ն ու ԵՄ-ն բոլորովին այլ բովանդակություն ունեն ու չեն հակադրվելու այն բարեփոխումների հետ, որոնք ունենք ԵՄ-ի հետ: Եվրոպական հարթակներում մենք խնդիրներ չունենք»: Առաջին անգամ պատվիրակության կազմում ներառված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ակտիվ հակադարձումներ են եղել ադրբեջանական կողմի ամենատարբեր ձեւակերպումներին. «Եվրոպացիների համար ընկալելի դարձան Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները»: Նա նկատեց, որ ՄՄ անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո առաջին եվրոպական խոշոր հանդիպումն էր. «Եվրոպացիների մոտ անորոշություն է պահպանվում, սակայն դա ոչ թե բացասական արձագանք էր մեր նկատմամբ, այլ միասնական օրակարգի ու համատեղ աշխատանքի հնարավորության համար էր անհրաժեշտ»: ԲՀԿ պատգամավոր Վահե էնֆիաջյանն էլ պատմեց, թե ինչպես էին ադրբեջանցիները «Եվրանեսթ»-ի շրջանակներում կազմակերպել մի ցուցահանդես, որտեղ ցանկանում էին ներկայացնել իրենց մշակույթն ու պատմությունը. «Դա մարդկանց մոտ ծիծաղ էր առաջացնում՝ ներկայացված լուսանկարներում ինչ-որ սարեր էին, ոչխարներ: Մեր պատվիրակությունը կարողացել է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի հնարավոր լիներ խուսափել պատմական խեղաթյուրումներից»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց՝ ճիշտ է, պատվիրակությունը լավ աշխատեց, սակայն պետք է ամբողջական ինֆորմացիան տրամադրվի. «Եվրոպացիներն ասացին, որ դժգոհ են մեզնից ՄՄ անդամակցության հետ կապված: Սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները դադարեցվում են, ուղղակի մեր ուղին եվրաինտեգրումը չէ: Սա պետք է հստակ նշվի: Նա նկատեց՝ երբ ադրբեջանցիները սկսում էին հակահայկական ելույթները, ըստ նրա, անմիջապես հնչեցվում էր շատ որակյալ պատասխան. «Օրինակ՝ ադրբեջանցիները հայտարարեցին, թե սա էներգետիկ պարազիտ է, անմիջապես մեր կողմից հնչեցվեց թիվը, եւ պարզ դարձավ՝ ով է էդտեղ պարազիտը: Քիչ էր մնում՝ ադրբեջանցիները մեզ մեղադրեին մշակութային արժեքների վրա հարձակման մեջ, ինչը, բնականաբար, նրանց չհաջողվեց: