Գազային հանձնաժողովը կաշխատի մինչեւ նոյեմբեր (տեսանյութ)
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը կարեւորում է երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ գազային հանձնաժողով ստեղծելու քննարկումները։ Նախագիծը ներկայացրել են կոալիցիոն քաղաքական ուժերը։ Ըստ նրա, այս հանձնաժողովը կտա գազի հետ կապված բոլոր պատասխանները։ Իսկ ինչու ընդունվեց կոալիցիոն քաղաքական ուժերի նախագիծը, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերինը. «Բացարձակապես հակառակ որեւէ խնդիր չկա։ Պետք չի հակադրության մեջ դիտել այս խնդիրը։ Կարծում եմ, որ այստեղ պարզապես կոալիցիոն քաղաքական ուժերը ձեւավորեցին, աշխատեցին մեկ համալիր նախագծի վրա, որտեղ ավելի շատ մանրամասնեցին այն խնդիրները, որոնք կան գազի հետ կապված, որպեսզի որեւէ թիրախ բաց չմնա։ Շատ լավ է, որ վեց քաղաքական ուժերը կողմ են, որպեսզի նման հանձնաժողով լինի։ Բոլորի սրտով է, որ հանձնաժողովը լինի։ Մենք եկեք նայենք այս տեսանկյունից»,-պարզաբանեց ՕԵԿ պատգամավորը։ «Ուրբաթ օրը բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության են լինելու ԱԺ նախագահի մոտ, որից հետո, սկսած հաջորդ երկուշաբթի օրվանից, կաշխատի հանձնաժողովը։ Հանձնաժողովի մեջ ընդգրկվելու են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Հանրապետական խմբակցությունից կլինի 4 անդամ, իսկ մյուս խմբակցություններից՝ մեկական։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ ԲՀԿ-ից երկու անդամ լինի, քանի որ իրենց խմբակցությունը մեծ է։ Հանձնաժողովը կունենա նախագահ եւ տեղակալ»,-ասաց Հեղինե Բիշարյանը։ Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ տիկին Բիշարյանը նշեց, որ իրենց խմբակցությունից հանձնաժողովի անդամ ամենայն հավանականությամբ կլինի Հովհաննես Մարգարյանը։ Գազային հանձնաժողովը կաշխատի մինչեւ նոյեմբեր։