Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 18-ին՝ ավտոերթ դեպի Գառնի (տեսանյութ)

Քաղաքականություն
10050841069dbe5dd9a3420da55bcfd2

«10 հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տա, և 10 հատ նոր Տիգրան Սարգսյան գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները»,- այսօրվա ասուլիսում ասաց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը պահանջում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Հայրիկյանն ասաց, որ Սերժ Սարգսյանից բացի՝ Հայաստանում չկա ուրիշ գործիչ, ով որևէ բան որոշի: Ուստի, «բոլոր նրանք, ովքեր խոսում են վարչապետի հրաժարականի մասին, անլուրջ մարդիկ են»: Բանախոսը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ն առաջարկում է փետրվարի 18-ն ազդարարել ազատասիրության օր: Այս տարվա փետրվարի 18-ն ԱԻՄ-ը նշելու է ավելի մեծ շուքով, քան երբևէ: Ծիծեռնակաբերից սկսվելու է ավտոերթ դեպի Գառնի: Ազատության հրապարակում անցկացվելու է հանրահավաք: Պարույր Հայրիկյանի խոսքով` Հայաստանում դրական փոփոխություններ են տեղի ունեցել ցույցերի, հավաքների ազատության հարցում՝ բացառությամբ այն միակ դեպքի, երբ ցույցերը Մոսկվայի, Պուտինի դեմ են: Հայրիկյանը հիշեցրեց, որ 2013թ. դեկտեմբերին` Պուտինի այցի օրը, ցույցի դուրս եկած քաղաքացիական ակտիվիստները հետապնդվեցին: «Սա մեր ոստիկանության տարօրինակ դրսևորումներից մեկն է: ԿԳԲ-ի գործակալական ցանցը նույնիսկ մանր դեպքերում վերահսկում է մեր քաղաքական անցուդարձերին»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա ակնհայտ է համարում այն, որ Հայաստանը գնում է դեպի ստրկացում: «Մաքսային միությունը 21-րդ դարի համար խելագարություն է, անհեթեթություն, երեք դիկտատորների մարմաջ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը: Նա զարմանքով նշեց, որ այսքանից հետո ՀՀ կառավարությունը Մաքսային միությանն անդամակցելու ծրագրեր է մշակում: «Խելքներդ գլուխներդ հավաքեք: Ռուսաստանը գազից ու նավթից բացի ոչինչ չունի»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա վստահ է, որ Ռուսաստանն իր զարգացման ցածր մակարդակով ի վիճակի չէ մրցել Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանի փրկությունը տվել են ռուս բանական մարդիկ՝ Սոլժենիցինը, Սախարովը, ովքեր ունեցել են արևմտյան բանական համակարգ: