Եվրոպական պատվիրակությունը պարզաբանեց. «Ազատություն»
Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Քաբռնոխը հայտարարություն է արել, որում տեղ են գտել նիստի հետ կապված ԵՄ պարզաբանումները: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հայտարարությունում նշվում է, թե Եվրամիությանը ոգևորում է այն փաստը, որ թե՛ եվրոպացի, թե՛ հայաստանցի խորհրդարանականները համաձայնել են վերանայել 1999 թվականին հաստատված, հնացած, բայց գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և Համագործակցության պայմանագիրը: Եվրոպական պատվիրակությունը ափսոսանք է հայտնում, որ թեև նիստին առաջնահերթ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում կար, այդուամենայնիվ, տարբեր ու կապ չունեցող որոշ խնդիրներ ստվերեցին և թույլ չտվեցին համատեղ հայտարարության ընդունումը: Այդուհանդերձ, եվրոպացի օրենսդիրները պարտավորվում են շարունակել համագործակցությունը այն ոլորտներում, որոնք չեն բացառվի Հայաստանի կողմից` Մաքսային միությանը և Եվրասիական միությանը մասնակցելու պատճառով: