«ՀՀ-ԵՄ հարաբերություններում գաղջ մթնոլորտ է». Ն. Փաշինյան
Ինչ է իրականում տեղի ունեցել Ստրասբուրգում` Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: Ինչու չստորագրվեց համատեղ հայտարարություն: Ընդդիմադիր պատգամավորները գլխավոր պատճառը համարում են ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցումը: ՀՀ իշխանությունները հակված չեն եղել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին ստորագրելու համատեղ հայտարարություն: Այսօր հայտարարեց հայկական պատվիրակության անդամ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի` հակառակ դեպքում ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տային ՌԴ-ին. «ՀՀ-ԵՄ հարաբերություններում այս պահի դրությամբ հաստատված է գաղջ մթնոլորտ: ԵՄ-ում ՀՀ-ին գնալով ավելի ու ավելի պակաս են ընկալում որպես անկախ պետություն»: Սա է, ըստ նրա, պատճառը, որ ԵՄ-ն ներկայացրել էր ԼՂ հակամարտության վերաբերյալ հայկական կողմի համար ոչ բարենպաստ հայտարարության տեքստ: Իսկ այն չստորագրելու միանձնյա որոշումը կայացրել է պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Նա չի հերքում այդ փաստը. «Այո, ստեղծված իրավիճակում նաեւ խորհրդարանական պատվիրակության ղեկավարի պարտականությունն է իր վրա վերցնելու որոշակի պատասխանատվություն եւ կրելու այդ պատասխանատվությունը միանձնյա»: Այս հայտարարությունը զարմացրեց Նիկոլ Փաշինյանին. «Ղարաբաղը տանում են, հանձնում են Ադրբեջանին, սենց` Մատրոսովի նման կանգնեցինք ավտոմատի դիմաց, էդ գնդացիրի դեմը փակեցինք»: «Նիկոլ, կոռեկտ արտահայտվիր»՝ հակադարձեց Ֆարմանյանը: «էդ դուք եք տենց ասում, ես ձեզնից եմ մեջբերում անում, ինքս էլ չգիտակցելով»՝ պատասխանեց Փաշինյանը: Հայկական պատվիրակության անդամներին եւս վրդովեցրել էր այն, որ չի ստորագրվել ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարություն։ Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ «մենք կարող էինք հասնել համաձայնության ԵՄ-ի հետ եւ ունենալ համատեղ փաստաթուղթ: Համատեղ փաստաթղթի չստորագրումը ունենալու է հետեւանքներ»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ՝ «Ակնկալիքները բնականաբար չեն բավարարվել, սակայն ես ցանկանում եմ, որ նայենք առաջ, քանի որ ըստ այն մեսիջների, որ մեզ տրվել են, ակնհայտ է, որ ԵՄ դուռը ՀՀ-ի համար դեռեւս փակված չէ»: