Հայաստանը եվրոպամետ է իր պատմությամբ. Անրի Ռենո (տեսանյութ)
«Հայաստանը եվրոպամետ է իր պատմությամբ, իր մշակույթով միտված է Եվրոպային, Հայաստանը եվրոպամետ է՝ նաեւ եթե հաշվի առնենք եվրոպական մի շարք կառույցներում իր հաստատուն տեղը։ Եվրոպամետ է, որովհետև մասնակցում է նաև Արևելյան գործընկերության գործընթացին, խորապես եվրոպամետ՝ ընդհուպ մինչև Բոլոնյան գործընթացում իր ներկայությամբ»: Այսօր այս մասին «Հայաստանը դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Նրա խոսքերով, Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ ընդունված համաձայնագրով՝ շարունակվում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը, չնայած, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն։ Ըստ դեսպանի, իրենց խնդիրը այդ համագործակցությանը նոր շունչ հաղորդելն է։ «Ֆրանսիան երբեւիցե չի դադարել սատարել Հայաստանին այս ճանապարհին եւ շարունակելու է սատարել»,-նշեց Անրի Ռենոն: Քննարկմանը ներկա էր նաեւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ով նշեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեն մեծ դաշտ։ «Մենք ցանկանում ենք կառուցել մեր պետականությունը՝ ելնելով եվրոպական արժեքներից»,-ասաց Մհեր Շահգելդյանը։