Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժվեց (տեսանյութ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը պահանջում էր դատական ստուգման ենթարկել իր բողոքը մերժելու վերաբերյալ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 6-ի որոշման օրինականության եւ հիմնավորվածության հարցը: Խորհրդակցական սենյակից դուրս գալով` դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը հայտարարեց. «Դիմող Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2013թ. դեկտեմբերի 6-ի որոշման դեմ բողոքաբեր Փոստանջյանի բերած բողոքը մերժվում է, որոշման դեմ կարող են տալ վճռաբեկ բողոք, այն ստանալուց 15 օր հետո»: Դատավորի վճռի հետ համամիտ չէր Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը. «Ակնհայտորեն տեսանք, թե ինչ է կատարվում դատարանում` դատախազը ոչինչ չկարողացավ անել իմ միջնորդությունների դեմ»: Փաստաբանը տեղեկացրեց, որ կզրուցի արտասահմանում գտնվող Զարուհի Փոստանջյանի հետ, որից հետո կորոշեն հետագա անելիքները. «Բողոքաբերը Զարուհի Փոստանջյանն է, նրան կներակայացնեմ համապատասխան իրավիճակը, այնուհետև դիրքորոշում հայտնելու համար մենք կդիմենք Վճռաբեկ դատարան»: Նշենք, որ իր բողոքում Տիկին Փոստանջյանը նշում էր, որ չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: