Սերժ Սարգսյանը՝ ԱԻՆ-ում
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Նա նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի խորհրդակցությունների սրահում Սերժ Սարգսյանը ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որին ուղիղ կապով միացմամբ մասնակցել են նաև նախարարության մարզային կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարը, նախարարի տեղակալները, փրկարար ծառայության տնօրենը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին: Խորհրդակցության ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի: