Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Նազարյան. «Ես արդեն մայրամուտի մեջ եմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
a9be292fd87e2e395748a0a1c0a1e9bc

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին պատրաստակամություն հայտնեց տալ իր տան հասցեն, որպեսզի գան եւ ստուգեն` գազի խողովակները 11 տարուց ավելի է` չեն ներկվել: ՀԾԿՀ-ն այսօր խորհրդարանին էր ներկայացնում 2014թ. գործունեության իր ծրագիրը եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին գազին: Ըստ Հրանտ Բագրատյանի` գազի խողովակները պետք է 5 տարին մեկ անգամ ներկվեն, քանի որ դրա համար բյուջեից գումարներ են հատկացվում: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ընդունեց, որ երբեմն այդ նորմատիվները չեն պահպանվում: Պարոն Նազարյանը նաեւ պատասխանելով Հրանտ Բագրատյանի մեկ այլ հարցի, վստահեցրեց, որ իր տեղեկություններով այս պահին ՀՀ-ն գազի սակագնի նոր պարտք չի կուտակում: ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ նկատեց, որ գազի կալորիականության հետ կապված հարցը որոշ դեպքերում արդեն անեկդոտի է վերածվել: Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ մեկընդմիշտ պետք է փակել այս հարցը. «Տարբեր լրատվամիջոցներ բարձրացնում են այս հարցը: Ուզում եմ հայտնել, որ այսօր կա մի կառույց, որը պարտավոր է ստուգել լաբորատորիաների աշխատանքը, դա Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինն է, որը պատասխանատվություն է կրում: Լաբորատորիաներ ունեն նաեւ «Հայռուսգազարդ»-ը, Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երը, «Արարատ ցեմենտ»-ի գործարանը: Ես վստահ եմ, որ կալորիականությունն այնքան է, որքան ցույց է տրվում, քանի որ բոլոր այս կառույցները կոմերցիոն են, ու նրանք շահագրգռված չեն ի վնաս իրենց այլ կալորիականություն ցույց տալ: Եթե կա մեծ խնդիր, ապա այդ հարցը պետք է բարձրացնել կառավարության առաջ, որ միգուցե նաեւ շարժական լաբորատորիաներ ստեղծվեն»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ գազի գնագոյացման հարցում հանրային վերահսկողության գործառույթը վերապահված է ՀԾԿՀ-ին. «Այս հարցում կասկածամտությունը կարելի կլիներ փարատվեր, եթե շատ բաղադրիչներ բաց ներկայացվեր ձեր կողմից: Ձեր կայքում որեւէ փաստաթուղթ չենք գտել, որ այդ կասկածները փարատեր: Երբ ձեզ այսօր մոտեցա, դուք ասացիք, որ այդ փաստաթուղթը կփոխանցեք մեզ: Կարծում եմ՝ այն կհանրայնացնեք ու կներկայացնեք կայքում»: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ վաղնեւեթ կներկայացնի Լեւոն Զուրաբյանին: «Ես պատրաստ եմ ձեզ 1000 էջանոց այդ փաթեթը ներկայացնել, ուղղակի ձեր ներկայացուցչին ուղարկեք մեզ մոտ»,- ասաց պարոն Նազարյանն, ապա արձագանքելով Լեւոն Զուրաբյանի դիտարկումներին` ավելացրեց. «Ես ձեզ շատ հարգում եմ ու բոլոր փաստաթղթերը ձեզ կուղարկեմ...Բա ես էլ ինչ ասեմ` մեր ամբողջ արխիվը այս սենյակի չափ է, ոնց ուղարկեմ ձեզ...Գոնե մեկ անգամ եկեք մեզ մոտ, որ հասկանաք` ինչ եք ուզում, հետո ես 10 անգամ կգամ ձեզ մոտ` ես ամբիցիաներ չունեմ, ամեն ինչ տեսել եմ ու արդեն մայրամուտի մեջ եմ` ինձ պաշտոն պետք չէ»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հետաքրքրում էին մի շարք կարճ հարցեր. «Ինչու գոյացավ պետական պարտքը, ով է մեղավոր ու ինչու են գաղտնի պահել այն: Միջազգային որեւէ կառույց այդ մասին չգիտեր: Ով, ինչ անկախ աուդիտորական ընկերություն գնահատեց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը եւ, վերջապես, օրենքի խախտումով օտարման մասին ինչ կասեք»: Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ բոլոր բարձրացված հարցերին ինքը չի կարող պատասխանել. «Դրանք իմ գործառույթների մեջ չեն. այնպիսի հարց տվեք, որ կարողանամ երկխոսել ձեզ հետ, քանի որ վաղուց չենք տեսնվել»: «Շնորհակալություն, պարոն Նազարյան, ես միտումնավոր ընտրել էի այն հարցերը, որոնք ձեր իրավասության տակ չէին: Երեկ ՀՀԿ-ականները համոզում էին ինձ, որ այդ բոլոր հարցերը ձեր իրավասության մեջ էին: Ես ուղղակի ապացուցեցի նրանց հակառակը: Ներող կլինեք, որ օգտագործեցի ձեզ հարց տալու իրավունքը` դա ապացուցելու համար, քանի որ ես շատ լավ հասկանում եմ, որ այդ իրավասությունները միայն ԱԺ-ինն են»: