Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց ներպետական ատյանները սպառելու հնարավոր է դիմել ՄԻԵԴ

Քաղաքականություն
Ara-Gazaryan1

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը օրերս ընդունել է Եվրոմայդանի մասնակից Իգոր Սիրենկոյի դիմումը՝ առանց ներպետական ատյանները սպառելու։ Իգոր Սիրենկոն պնդում է, որ իրեն ծեծել եւ անօրինական ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները՝ 2013թ. նոյեմբերի 30-ին ցուցարարներին բռնի ուժով ցրելու ժամանակ։ Ըստ նրա, ուկրաինական իշխանությունները խախտել են եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ։ Արդյո՞ք հնարավոր է առանց ներպետական ատյանները սպառելու դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը վստահեցնում է, որ հնարավոր է։ «Միանգամայն հնարավոր է, որ առանց ձեւական կերպով սպառելու ներպետական ատյաններ, դիմումն ուղարկել Եվրոպական դատարան եւ այնտեղ վարույթ ընդունել։ Հայաստանից էլ է եղել, երբ ցույց է տալիս, որ այդ մեխանիզմը չկա, եթե կա էլ, ապա ձեւական բնույթ է կրում, չի գործում։ Մենք ունեցել ենք պրակտիկայում. վարչական կալանքի գործեր էին, վերաբերում էին կալանքի պայմաններին, որտեղ կառավարությունը պնդում էր, որ քաղաքացին նախ էստեղ պետք է բողոքեր կալանքի պայմանների դեմ, եւ հետո նոր դիմեր։ Եվրադատարանը մերժեց կառավարության փաստարկը՝ ասելով, որ կառավարությունը չի ներկայացրել, թե կոնկրետ մեխանիզմ կա՞ր, եթե կար, ապա դա գործո՞ւմ էր, թե՞ ոչ։ Եւ գործն ընդունվեց վարույթ ու որոշում կայացվեց։ Կարծեմ դա Լավրենտի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործն էր։ Եւ էլի նման մի քանի գործեր»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց փորձագետը։