ՀՀ քաղաքացուն Ուկրաինայում խոշտանգումների են ենթարկում
Ուկրաինայում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, ազգությամբ եզդի Մերաբ Ալոյանի նկատմամբ իրականացվում են բռնություններ եւ խոշտանգումներ։ Վերջինս 2013թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Դատավճիռը ուժի մեջ է թողել նաեւ վերաքննիչ քրեական դատարանը։ Մեհրաբ Ալոյանը մեղադրվում է երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաեւ ոստիկանության երկու աշխատակիցներ։ Մեհրաբ Ալոյանը ձերբակալվել է ՌԴ-ում, այնուհետեւ արտահանձնվել Ուկրաինայի իշխանություններին՝ 2011թ։ Այսօր Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մեկ տարի առաջ է ծանոթացել գործին եւ վստահ է, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում Մեհրաբի վիճակը բարելավելու համար։ «Նրան դատարան են բերում պարկը գլխին հագցրած։ Ոչ փաստաբան են տրամադրում, ոչ էլ թարգմանիչ։ Խցում ոչ աթոռ կա, ոչ սեղան։ Ձմեռները շորերով է քնում։ Գլխավոր մեղադրյալը՝ Դավիթ Բաբիկյանը, որը ցուցմունք է տվել Մեհրաբի դեմ, ասել է, որ իր եւ իր քաղաքացիական կնոջ նկատմամբ խոշտանգումներ են եղել եւ պահանջել, որ ասեն, թե սպանությունը կատարել է Մեհրաբ Ալոյանը»։ Իրավապաշտպանը վստահ է, որ Մեհրաբ Ալոյանի գործի հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գործով հետաքրքրված անձանց վախեցնում եւ ճնշում են գործադրում։ «Իմ վրա էլ է ճնշում գործադրվել։ Մեկ տարի առաջ ես Ուկրաինայում էի… դատարանի շենքում ինձ մոտեցան եւ առաջարկեցին չմասնակցել դատական նիստերին։ Հիմա Մեհրաբի գործով զբաղվում է Խարկովի Հելսինկյան խումբը»,-նշեց Միքայել Դանիելյանը։ Վերջինիս խոսքերով, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները ոչ մի անգամ դատական նիստերին ներկա չեն գտնվել. «Մեր կառավարությունը անտարբեր է իր քաղաքացիների նկատմամբ։ Մեհրաբ Ալոյանն անգամ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ոչ մի արձագանք չի եղել։ Համեմատելով Ռուսաստանում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի գործի հետ՝ ասեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը մեկնեց ՌԴ եւ հանդիպեց Հրաչյայի հետ։ Ինչու՞, որովհետեւ նրան խալաթով էին դատարան բերել»։ Իրավապաշտպանը Ուկրաինական դատարաններից ոչ մի ակնկալիք չունի. «Ուկրաինական դատարանը եւ մեր դատարանները նույնն են։ Պահանջում ենք, որ հայկական իշխանությունները անտարբեր չլինեն»։