Ճի՞շտ վարվեց արդյոք Լ. Տեր-Պետրոսյանը 16 տարի առաջ (տեսանյութ)
1998թ. այս օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ քաղաքական որոշում է կայացրել` հրաժարական տալով: Այս համոզմանն է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Որոշում, որ իրեն կարող է թույլ տալ միայն մեծ պետական գործիչը, մտածողը, նման կերպ վարվել են ժամանակին շատ մեծ գործիչներ, հիշենք թեկուզ Շառլ Դե Գոլի հրաժարականը»: Առաջին նախագահն իր հայտարարության մեջ նշել էր, որ հրաժարական է տալիս «հայտնի ուժերի ճնշման տակ», քանի որ ընդդիմության եւ իր ձեւավորած կառավարության հետ խորը տարաձայնություններ կան ԼՂՀ կարգավորման հարցում: Պարոն Զուրաբյանը նկատում է` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ԼՂՀ գործընթացները բացասական ուղղվածություն ստացան` ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից. «Միջազգային հանրության համար շատ համար էր, որ ՀՀ-ն իր վրա վերցներ ԼՂՀ անունից բանակցելու գործընթացը, իսկ դրա համար ամենահարմար ձեւը եւ միջոցը այն էր, որ ՀՀ ղեկավարներ լինեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է. «Մեր համոզմամբ` պետք է ընդունել, որ կոնֆլիկտն ունի երկու հիմնական կողմ` ԼՂՀ եւ Ադրբեջան, եւ մեկ ներքաշված կողմ` ՀՀ-ն, եւ այդ եռանկյունու մեջ ՀՀ-ն պետք է հանդես գա ոչ թե որպես դիտորդ, ինչպես դա ներկայացվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մենք պետք է հստակ ֆիքսենք, որ ԼՂՀ անվտանգության եւ անկախության երաշխավորն ենք»: Պարոն Ռուստամյանը ցավում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ՀՀ նորօրյա պատմության մեջ միակը եղավ. «Քաղաքակիրթ երկրներին հարիր գործելաոճ է»: Նրա համար անընդունելի էր առաջին նախագահի` «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահ» հայտնի հոդվածում ԼՂՀ հակամարտության վերաբերյալ լուծումը. «Այդ մոդելի հիմքում ընկած է, որ մենք պետք է տարածքներ տանք խաղաղություն ձեռք բերելու նպատակով, ինչը որ Ադրբեջանն է անընդհատ պնդում, որ դա իր կողմից մեծագույն նվեր է հայկական կողմին, եթե ինքը պատերազմ չի սկսում եւ այդքանը բավարար է, որ ինքն ամբողջովին պահանջի այն տարածքները, որոնք ոչ միայն պատմականորեն ՀՀ-ինն է, նաեւ իրավական առումով անկախ Ադրբեջանի կազմում վաղուց չեն եղել եւ չեն»: Արդյոք ներկայիս իշխանությունները կհետեւե՞ն Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլին, եթե պետական շահը կամ ԼՂՀ հակամարտության կարգավորումը դա պահանջի։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ այսօր նմանատիպ որեւէ խնդիր կա կամ դրա առիթը կա, կամ ճնշման առիթ առհասարակ կա. «Ես կարծում եմ, որ եթե որեւիցե մի անգամ, որեւիցե մի առիթով ճնշում լինի, ապա այն կարող է լինել միայն ու միայն ժողովրդի կողմից: Բայց ես չեմ կարծում, որ այսօր այդ իրավիճակն է»: Լեւոն Զուրաբյանն ասում է. «Նրանք իշխանությունը դիտարկում են որպես սեփական հարստացման, ժողովրդի ունեզրկման միջոց ու նման միջոցից ինչքան ժամանակ հնարավոր լինի, չեն հրաժարվի` դրան ստորադասելով մեր պետական, ազգային շահը»: