«Ժնև 2»-ի ակնկալիքներն իրականացել են
«Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև 2» համաժողովի մասնակիցների և կազմակերպիչների հայտարարությունն այն մասին, որ բանակցությունները շարունակվելու են փետրվարի 10-ին, խոսում է այն մասին, որ համաժողովի առավելագույն ակնկալիքները իրականացել են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքերով` սրանից ավելի լավ արդյունք կարող էր լինել ինչ-որ ամփոփիչ հայտարարություն համատեղ համաձայնությունների կամ պայմանավորվածությունների մասին, որը սակայն տեղի չունեցավ: «Մեր ժամանակների ամենաարյունալի այս հակամարտությունը բավականին բարդ մի գործընթաց է, որը փորձում է հանգուցալուծվել արդեն 3 տարի»: Սիրիական ժողովրդի համար մտահոգվող ցանկացած ուժ՝ լինի կառավարություն, թե ընդդիմություն, ըստ արաբագետի, պարտավոր է ընդունել, որ սիրիացի ժողովուրդը կանգնած է լրջագույն հումանիտար ճգնաժամի առջև. «Որևէ քաղաքական ուժի համար սա չարձանագրելը ուղղակի պարտություն է»: Պարոն Պետրոսյանը վստահեցնում է, որ միայն Բաշար Ասադի հեռանալով ոչ սիրիական ճգնաժամը կկարգավորվի, ոչ էլ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը այս երկրում որևէ հաջողություն կունենա: «Ամենատարրական խնդիրներն անգամ Բաշար Ասադի հեռանալով չեն լուծվի: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ հակամարտության մեջ սիրիական կառավարությունը որոշակի առավելություն ունի»: Հակամարտության կարգավորման դանդաղ ընթացքը արաբագետը կապում է արտաքին ուժերի հետ: «Բնականաբար նրանք հենց այնպես չեն ներգրավվել այս գործընթացում: Նրանք բոլորն էլ ունեն իրենց սեփական շահերը»: