«Ունենք փտած քաղաքական դաշտ». Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույց է ներկայացված http://www.vazgenmanukyan.am կայքում -Պարոն Մանուկյան, այսօր ձեր նախկին համախոհները, մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, համոզված են, որ 1991-ին կոմիտեն կատարեց ստրատեգիական կոպտագույն սխալ՝ ընդունելով արեւմտյան քաղաքակրթական մոդելը, իսկ պատճառը առկա շփոթն էր. «մենք արեւմտյան քաղաքակրթությունը շփոթեցինք եվրոպականի հետ, մինչդեռ արեւմտյանն իր էությամբ հակաեվրոպական է»: Որպես ՀՀՇ գաղափարախոսության հայրը, դուք այս կարծիքին համամի՞տ եք: -Այդ ժամանակ աշխարհում իրողությունն այսպիսին էր. գոյություն ուներ 2,5 մոդել, այսինքն՝ մեկը կոմունիստականն էր, որ քանդվեց անարդյունավետ լինելու պատճառով, մյուսը՝ լիբերալ, որը հաստատված է կապիտալիստական երկրներում: Իսկ մնացած կեսի մեջ մտնում էին կա՛մ նացիոնալիզմի, կա՛մ ինչ-որ մի այլ բանի վրա կառուցված բռնապետությունները: Այլ արդյունավետ մոդել չկար, եւ որպես այդպիսին մնում էր արեւմտյանը: Ուրեմն այնպես չէր, որ կային բազմաթիվ մոդելներ, ու մենք ընտրեցինք ոչ ճիշտը:Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:Բայց այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք, որը ոմանց, գուցե նաեւ Ա. Մանուչարյանին ու մյուսներին հայտնի չի եղել, սակայն դեռ 89-ից ինձ համար պարզ էր, որ այդ հարցի շուրջ, այն է՝ ինչպե՞ս Հայաստանում օգտագործել արեւմտյան մոդելը, փնտրտուք է սկսվելու: Եվ 1989-ին իմ հարցազրույցներից մեկում ես խոսում եմ այդ մասին, թե ինչո՞վ պետք է Հայաստանի ժողովրդավարությունը տարբերվի այլ երկրների ժողովրդավարությունից:Օրինակ, Ճապոնիան ժողովրդավարության կողքին կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը, որոշ ավանդույթներ: Եվ ես, կրկնում եմ, դեռ այն ժամանակ գիտեի, որ վեճը սրա շուրջ է լինելու՝ ինչպե՞ս գտնել մեր սեփական դեմքը: Կարծում եմ, այսօր էլ վեճ կա. ասվում է, եթե մենք դառնայինք Եվրամիության ասոցացված անդամ, ապա կընդունեինք արեւմտյան արժեքներ, իսկ եթե Ռուսաստանի հետ մտնում ենք Մաքսային միություն, ապա կարող ենք կարեւոր արժեքներ կորցնել: Ես սրան համաձայն չեմ, որովհետեւ Ռուսաստանը եւս հայտարարել է, որ ձգտում է եվրոպական համակարգի հաստատման, սակայն ազգային դեմքը պահպանելով: Մենք էլ ենք ասում նույնը: Հիշեցնեմ, որ 1990թ. ՀՀՇ-ից դուրս գալով, երբ կազմավորեցինք մեր կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարական միությունը, անվանումը պատահական չընտրվեց: Այսինքն՝ մենք ընդունելով ժողովրդավարությունը՝ միաժամանակ ազգայինի պահպանման կողմնակիցներ էինք: -Իսկապես մեզանում այսօր լրջորեն խաթարված են ազգային, քրիստոնեական, ավանդական արժեքները: Չե՞ք կարծում, որ կորցրածը վերագտնելու «դեղատոմս» կարող է լինել հրաժարումը լիբերալիզմից ու անցումը պահպանողականության, ինչն ինքնին ներառում է այդ արժեքային համակարգը: -Լիբերալիզմն ու պահպանողականությունը ուղղակի գեղեցիկ տերմիններ են, բայց ի՞նչ է թաքնված դրանց տակ: Դրանցում ե՛ւ լավը կա, ե՛ւ վատը: Լիբերալիզմ նշանակում է՝ մարդու ազատություն։ Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ գաղափարից, իհարկե՝ ոչ։ Բայց այդ նույն լիբերալիզմը նաեւ ժխտում է ազգերի գոյությունը։ Ընդունե՞նք այն, դարձյալ իհարկե՝ ո՛չ:Կամ ընդունել պահպանողականություն նշանակում է, որ կանայք գլխաշորո՞վ են ման գալու, իհարկե՝ ոչ, բայց այդ գաղափարախոսությունը նաեւ կարեւորում է ազգայինն ու ավանդականը:Ուրեմն բանավեճը ոչ թե պետք է ծավալել լիբերալի՞զմ, թե՞ պահպանողականություն հարցադրման շուրջ, այլ՝ ի՞նչ անել, որպեսզի պահպանվի այս երկուսի համաչափությունը, երկուսից էլ պետք է վերցնել օգտակարը: Եվ հենց սա՛ էլ պետք է դառնա բանավեճի առարկան: Իսկ թե ինչպե՞ս որոշել՝ ո՞րը պահել, ո՞րը՝ ոչ, այստեղ կարեւոր դեր ունեն կատարելու կուսակցությունները: Ամբողջությամբ կարդալ այստեղ