Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը նախարարությունում ստուգումներ է իրականացնում

Հասարակություն
արամ

Այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չհերքեց, որ Գլխավոր դատախազությունը նախարարությունում ստուգումներ է իրականացնում, դեռ ավելին՝ պարզաբանեց. «Արդեն երկար ժամանակ է, որ մենք ուժային կառույցների հետ համատեղ աշխատանք ենք իրականացնում: Եթե մենք անօրինական հոր ենք հայտնաբերում կամ գույքագրում ենք իրականացնում կամ եթե վնասի չափը 200 եւ ավելի է, մենք պարտավոր ենք այդ թղթերն ուղարկել իրավապահ մարմիններին»,- պարզաբանեց նա՝ վստահեցնելով, որ իրենց ասածը կարող են հիմնավորել ոչ միայն իրավապահ մարմիններում, այլ նաեւ դատարաններում: 2014 թ. լարված տարի է լինելու Բնապահպանության նախարարության համար՝ նշեց նախարարը: Նրա խոսքերով՝ 2014 թվին նախարարությունն ունի կառավարության կողմից հաստատված երկու գերակա խնդիր՝ Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում եւ Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում: Նախատեսվում է Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով մոտ 366,600 հազ. հատ մանրաձկան աճեցում եւ բացթողում Սեւանա լիճ 2014 թ 4-րդ եռամսյակում: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60 մլն դրամ գումարի չափով: Անդրադառնալով Սեւանա լճում արհեստական ձկների բազմացմանը՝ պարոն Հարությունյանը նշեց, որ դա օրենքով նախատեսված բոլոր քայլերով է կատարվում եւ սոցիալ-տնտեսական խնդիր է լուծվելու, բացի դրանից, Սեւանա լճի շատ փոքր մասն է օգտագործվելու այդ նպատակով: Սեւանա լճի հետ կապված նախարարության ծրագրերն ընդունելի չեն բնապահպանների համար։ Հիշեցնենք՝ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը վստահ է, որ Սեւանա լճում ձկնաբուծարան ստեղծելու ծրագիրը քաղաքական պատվեր է եւ բիզնես։