«Ադրբեջանը չի հանի իր դիպուկահարներին». ադրբեջանցի քաղաքագետ (տեսանյութ)
Ադրբեջանցիները ենթադրում են, որ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարող են սրվել բախումները հայ-ադրբեջանական շփման գծում։ «Բաքու պոստ» թերթի խմբագիր Քենեն Գյուլուզադեն կարծում է, որ Հայաստանի կողմից կլինի սոցիալական պատվեր հակամարտությունը բորբոքելու, որովհետեւ դա լուրջ տարեթիվ է։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այդքան էլ վստահ չեմ, թե հայերի ցեղասպանության 100-ամյակը ինչ-որ կերպ կարող է նպաստել ղարաբաղյան կոնֆլիկտի բորբոքմանը կամ չբորբոքելուն։ Քաղաքագետ Ավազ Հասանովը, համենայնդեպս, մինչեւ ցեղասպանության 100-ամյակը չի տեսնում հակամարտության կարգավորման հնարավորություն։ Դրանից հետո Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, նրանք էլ լրջորեն չեն զբաղվի հակամարտությամբ. «Հաշտություն որ հաստատ չի լինի»։ Ադրբեջանցի քաղաքագետը վստահեցնում է, որ լուրջ չէ քննարկել հակամարտության գոտուց դիպուկահարների դուրս բերումը, թեպետ լայնածավալ հարձակումներ էլ չի կանխատեսում. «Դիպուկահարները միշտ էլ եղել են եւ Ադրբեջանը երբեք չի հանի իր դիպուկահարներին, բայց այս թեման միշտ բանակցությունների սեղանին լինելու է»։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը հակադարձում է. «Հայկական կողմը արդեն պատրաստակամություն է հայտնել հեռացնել իր դիպուկահարներին շփման գծից, բայց եթե Ադրբեջանը դրան համաձայն չէ, հայերն էլ չեն հանի»։ Սերգեյ Մինասյանը նկատում է, որ առաջիկայում չի սպասվում, որ հայ եւ ադրբեջանական հասարակությունները փոխելու են իրենց դիրքորոշումը կոնֆլիկտի լուծման ուղղությամբ. «Բանակցությունները լինելու են հանուն բանակցությունների»։ «Դուք խփում եք, մենք խփում ենք, բայց բանը երբեք խոշոր ու լայնածավալ հարձակումներին չի հասնի»,-ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Նա համոզված է, որ հակամարտության բորբոքում կլինի այնքանով, որքանով կլինեն հրամաններ բորբոքելու հակամարտությունը։ Պետք է հաշվի առնել, թե որքանով է կողմերից մեկը պատրաստ ինքնուրույն ընդունելու որոշում լայնածավալ հարձակում սկսելու։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը, ըստ Մանվել Սարգսյանի, այդ երկրները չեն, որոնք կարող են նման որոշում ընդունել. «Որոշում ընդունողներն առայժմ չեն կարող հաշվել այդպիսի պատերազմի հետեւանքները»։