Բնակիչներն սպառնում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից (տեսանյութ)
Սիսակյան 3 4-րդ կարգի վթարային շենքում հերթական քարաթափումն այսօր բնակիչներին բերել է Բաղրամյան 26։ Նրանք այլեւս չեն ցանկանում հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներին։ Իրենց խնդրի լուծումը պահանջում են Սերժ Սարգսյանից եւ՝ անհապաղ։ Մինչ Սերժ Սարգսյանի նստավայր գալը Սիսակյան 3-ի բնակիչները զանգահարել են նաեւ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարան ու ստացել են հետեւյալ պատասխանը. «Ասում են՝ գնա վարձով ապրի մինչեւ տուն տան, բայց էդ վարձի փողը ինքնա՞ տալու»։ Բաղրամյան 26-ում բնակիչներին ընդունեց դիմումների եւ բողոքների բաժնի ղեկավարը՝ Աիդա Ասատրյանը: Նա բնակիչներին խորհուրդ է տվել դիմում գրել՝ իրենց շենքի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։ Պարզվում է՝ մինչ օրս քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովը 4-րդ կարգի վթարային շենքը չի ուսումնասիրել։ «Տիկին Աիդան շատ ուժեղ խստացված մեզ օգնում է, ասեց 100 տոկոս կլուծեմ, Նիկոյան չէ՝ ով ուզումա լինի»,- ասաց բնակիչներից մեկը։ Իսկ մինչ քաղաքապետարանի եզրակացությունն ստանալը, Սիսակյան 3-ի բնակիչները շարունակում են ապրել կիսաքանդ շենքում՝ վստահ չլինելով՝ առավոտյան կարթնանա՞ն, թե՞ կմնան փլատակներում։ Եթե իրենց հարցը կրկին չլուծվի, բնակիչները որոշել են՝ հրաժարվելու են ՀՀ քաղաքացիությունից։