«ՀՀ տնտեսության մեջ լարվածություն կստեղծվի» (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքի վերաբերյալ վերջերս ընդունած որոշումը Հայաստանի մասով պետք է վերանայվի։ Կարծում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա գտնում է, որ այս որոշումը պետք է մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը վերանայվի, հակառակ դեպքում Սաֆարյանն առաջարկում է հունիսին կայանալիք հայ - ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին այդ հարցը ներառել օրակարգ. «Եթե մինչև հունիս ամիսը չվերանայվի այս հարցը, պետք է օրակարգ ներառել և ստանալ այն լուծումը, որը բխում է մեր երկու երկրների ռազմավարական, տնտեսական շահերից»։ «Երկրի նախագահի սեպտեմբերի 3-ի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է մտնի Մաքսային Միություն և պետք է ջանքեր գործադրի միասնական տնտեսական տարածքին միանալու, ուղղակի չի բխում այս վերջին գործընթացների տրամաբանությունից», - նկատում է Սաֆարյանը։ Նա նշում է, որ այս որոշումը ձեռնտու չէ Հայաստանին նաև տնտեսապես. «Հայաստան եկող անհատական տրանսֆերների 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից, սա կազդի անհատական տրանսֆերների՝ փոխանցումների վրա, և մեր տնտեսության մեջ կստեղծի որոշակի լարվածություն», - ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահը։ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ հայկական կողմը պետք է բացատրի Ռուսաստանին, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքի վերաբերյալ որոշումը չի բխում մեր բարեկամության, համագործակցության և հետագա առևտրատնտեսական զարգացումների արդյունավետության եւ մի շարք այլ շահերից։