«Հայռուսգազարդը» չի ընդառաջի ջերմոցատերերին
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն արձագանքել է «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նամակ-դիմումին: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի տեղեկացմամբ`ԳՆ-ն գրություն է հասցեագրել «Հայռուսգազարդին»՝ խնդրանքով, որ հնարավորության սահմաններում գտնեն լուծումներ. «Հայռուսգազարդը մասնավոր ընկերություն է, և նախարարությունը լծակներ չունի ազդելու կամ միջամտելու նրանց գործունեությանը», - ասաց գյուղատնտեսության փոխնախարարը և հավելեց` ինչպիսին կլինի պատասխանը չեմ կարող ասել: Հիշեցնենք, որ «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը դիմում-նամակ է ներկայացրել Գյուղատնտեսության նախարարությանը և «Հայռուսգազարդին», որով 21 ջերմոցատերեր պատկան մարմիններից պահանջում են, որ ձմռան ամիսներին վառած գազի սակագինը վճարեն առաջին բերքից հետո: Գառնիկ Պետրոսյանի կարծիքով` ջերմոցային տնտեսությունների հետագա գործունեության համար անհրաժեշտ է էներգակիրների առումով այլընտրանքային լուծումներ գտնել, քանի որ, ըստ փոխնախարարի, էներգակիրների գներն ամբողջ աշխարհում շարունակում են աճել: Պետրոսյանը նշում է, որ նորագույն տեխնոլոգիաներ է պետք ներդնել ջերմատնային ոլորտում բարձր բերքատվություն ապահովելու համար.«Այն բերքատվությունը, որ հիմա ստանում են ջերմոցի տերերը շատ ցածր են, ինչպիսին էլ լինի գազի սակագինը, հատկապես ձմռանը նրանց շահույթ չի ապահովի», - նկատում է փոխնախարարը: «Շատ կարևոր է ջերմատներում ջերմակարգավորիչների ներդնումը, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով բույսերի կենսունակությունը և բերքատվությունը ընկնում է», - առաջարկում է Պետրոսյանը։ «Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանն ասաց, որ ջերմոցի տերերի նամակ- դիմումի մասին տեղեկացել է վերջերս նրանց հրավիրած ասուլիսից։ Անդրադառնալով ջերմոցատերերի պահանջին՝ Շուշան Սարդարյանն ասաց. «Ելնելով շուկայական օրենքի պահանջից՝ մենք պարտավոր ենք բացառել սպառողների նկատմամբ խտրական մոտեցումը և հավասար վերաբերմունք ապահովել բոլոր տնտեսվարողների համար»։