Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը

Քաղաքականություն
c4a2ac36200688e3a9d3f267ac320f1c

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Ամեն տարի Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձին մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Մենք հիշում ենք միլիոնավոր անմեղ մարդկանց զրկանքները եւ ուշադրություն հրավիրում հակասեմիտականության ու ատելության ցանկացած դրսեւորման վտանգի վրա: Այս տարի մենք ուշադրությունը սեւեռում ենք Հոլոքոստի պատմության քառուղիներով ճամփորդություններին եւ վկայակոչում մեր իսկ վերջերս կայացած ուղեւորությունը: Անցյալ նոյեմբերին անցա Աուշվից-Բիրկենաուի Arbeit Macht Frei («աշխատանքն ազատություն է շնորհում») գրությամբ տխրահռչակ դարպասով: Երբեք չեմ մոռանա իմ այցելությունը: Ես տեսա ցեղասպանության մեքենայի սարսափազդու մնացուկները, ինչպես նաեւ 1930-ականների եվրոպացի հրեաների կյանքը պատկերող շարժանկարներ՝ ամուսնություններ, ընտանեկան ճաշկերույթներ, ծեսեր, պարզ առօրյա կյանքի այլ տեսարաններ. այս ամենը ոչնչացվեց մարդկային պատմության մեջ եզակի համակարգված սպանդի միջոցով: Ես տեսա այն բարաքները, որտեղ հրեաները, գնչուները, սինտիները, հոմոսեքսուալները, այլախոհները, ռազմագերիները եւ հաշմանդամություն ունեցող անձինք ամենավայրագ պայմաններում անցկացրել են իրենց վերջին օրերը: Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծվել է այսօրինակ որեւէ սարսափի կրկնությունը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, ողբերգությունները, որոնք տեղի են ունենում Կամբոջայից մինչեւ Ռուանդա եւ Սրեբրենիցա, ցույց են տալիս, որ ցեղասպանության թույնը շարունակում է իր գործունեությունը: Մենք պետք է առավել, քան երբեւէ աչալուրջ լինենք մոլեռանդ, ծայրահեղական գաղափարախոսությունների, հասարակական լարումների եւ փոքրամասնությունների հանդեպ խտրականությունների հարցում: Եվ պետք է լավ ուսուցանենք մեր երեխաներին: «Հոլոքոստը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը» հանրային իրազեկման ծրագիրը մշակել է կրթական արդյունավետ նյութեր եւ ստեղծել գործընկերային ամուր կապեր, որոնք նպաստում են այս դասերը ողջ աշխարհի սովորողներին փոխանցելուն: Աուշվիցի դիակիզարանի մոտ կանգնած՝ ես լի էի խոր տխրությամբ այն ամենի պատճառով, ինչ տեղի էր ունեցել այնտեղ: Բայց միաժամանակ՝ ինձ ոգեշնչում էին բոլոր նրանք, ովքեր ազատագրեցին մահվան ճամբարները ողջ մարդկության համար: Եկեք մեկտեղենք ուժերն այսօր՝ հանուն համատեղ ճամփորդության դեպի հավասարության եւ արժանապատվության աշխարհ՝ բոլորի համար: