«Բա ձայն հանեիք. օրենքն ընդունվել է 3 տարի առաջ» (տեսանյութ)
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը ընդունվել է դեռ երեք տարի առաջ`երեք անգամ ընթերցմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի հիշում նման բան: Ըստ նրա ` նման օրենքները պետք է ընդունվեն միայն հանրային քննարկում անցկացնելուց հետո: Մանվել Բադեյանը վրդովված հակադարձում է`բա ձայն հանեիք. «Երեք տարի ոչ ոք ոչինչ չասեց, հո թաքուն չե՞նք ընդունել, լրագրողներն էլ ներկա են եղել»,- հիշեցնում է նա: Պարոն Սարգսյանը նկատում է` օրենքը խախտում է մարդու սահմանադրական իրավունքները. «Պարտադիր բառը խախտում է մարդու իրավունքները:Այսօր աշխատող երիտասարդները երեխաներ չեն ունենում սոցիալական խնդիրների պատճառով: Որտե՞ղ է տրամաբանությունը, որ ասենք հինգ հարյուր հազար դրամ աշխատավարձ ունեցողը պետք իր աշխատավարձի քառասուն տոկոսը տա պետությանը: Օրենքը կմեծացնի արտագաղթը»,-վստահ է Արամ Սարգսյանը: «Պարտադիր բառը հակասահմանադրական չէ: Պարտադիր է նաև միջնակարգ կրթությունը, զինվորական ծառայությունը: Իհարկե, օրենքը խոցելի տեղեր ունի, դրանք ընդամենը վերանայման խնդիր ունեն: Համակարգը վերահսկվելու է միջազգային կառույցի կողմից, այդպիսով մինիմալացվում են կոռուպցիոն ռիսկերը»,-նշում Մանվել Բադեյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն ունի հաշվեհամար օֆշորային գոտում,պարոն Բադեյանը անկեղծանում է`երեկ է լսել. «Երեկ եմ լսել, բայց ձեզ խոստանում են, որ զբաղվելու եմ այդ հարցով»։