Կրակել են, պատասխանն էլ ստացել են (տեսանյութ)
Երեկ երեկոյան, ժամը 09։ 50 մինչև 10։ 00 Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով վնասվել է գյուղի թաղամասներից մեկի գազի խողովակը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը։ Նա նաև նշեց, որ կրակոցների հետևանքով գյուղի գազամատակարարումը դադարեցված է, այժմ աշխատանքներ են տարվում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. «Դպրոցը գործում է, միայն մանկապարտեզը չի գործում, քանի որ այն բաքսիով է աշխատում, իսկ գյուղում գազ չկա», - ավելացրեց Արարատ Ավալյանը։ Անդրադառնալով համացանցում շրջանառվող այն տեղեկություններին, թե բնակիչներին տարհանել են, համայնքի ղեկավարն ասաց, որ նման բան չի եղել. «Տարհանման հանձնաժողովի ղեկավարը ես եմ, գյուղում խուճապ չի եղել, պարզապես մինչև ուշ գիշեր գյուղապետարանում գյուղի բժշկի և երիտասարդների հետ նստել ենք, որ եթե ինչ-որ դեպք լինի՝ բնակիչներին օգնություն ցույց տանք։ Մերոնց ներվերներն արդեն տեղի են տալիս, մի քանի պատասխան տվինք, ձենները կտրեցին»։ Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյան էլ ավելացրեց. «Կրակել են, համապատասխան հարվածն էլ ստացել են»։ Համայնքի ղեկավար Կամենդատյանը նշեց, որ կրակոցներից գյուղը չի տուժել։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես հերքել է լուրերը, որ որոշ գյուղերից բնակիչներ են տարհանվել։ Նա խորհուրդ է տալիս ԶԼՄ-ներին ավելորդ լարվածություն չառաջացնել: Ի դեպ, մեջբերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»-ից. «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը հանրապետության ազգային շահերի պաշտպանվածությունն է տեղեկատվական ոլորտում` փոխկապակցված անձի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի ընդհանրության հետ»: