Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը հաշվի կնստի»

Քաղաքականություն
ada41d42cbc1e86e193748be888913ba

Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 24-րդ ամենամյա զեկույցն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։Անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները Հայաստանի մասով արձանագրել են հետևյալ փաստերը. ոստիկանական բաժանմունքներում վատ վերաբերմունքը դեռևս շարունակական երևույթ է, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվողներին չի կարողանում այլընտրանքային տարբերակ առաջարկել, իշխանություններն ըստ հավուր պատշաճի չեն կարողանում հետաքննել բանակում տագնապալի չափերի հասած մահացությունների, ինչպես նաև խաղաղ ցուցարարների, մեդիաոլորտի աշխատողների ու լրագրողների դեմ անհայտ անձանց կողմից իրականացված բռնության դեպքերը։Մասնագետները նաև նշել են, որ Հայաստանում լուրջ խնդիր է մարդու սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հարցի վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը համամիտ է զեկույցի հետ, սակայն հարկ է համարում հիշեցնել. «Հայկական ներպետական իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքական եւ հասարակական միավորումները տարվա ընթացքում բազմաթիվ անգամ դրա վերաբերյալ բարձրաձայնել են, մենք այդ ամենը մեր աչքով ենք տեսել»։ Այսօրինակ զեկույցները կարող են նաեւ երկրում իրավիճակ փոխել՝ համոզված է իրավապաշտպանը. չէ՞ որ Human Rights Watch-ի հետ շատերն են հաշվի նստում. «Եթե ոչ անմիջապես պետությունը, ապա այդ պետության հետ հարաբերությունների մեջ գտնվող երկրները հաստատ հաշվի կառնեն այս զեկույցը»։ Ըստ այդմ` Հայաստանը ուղղակի կամ անուղղակի հաշվի կնստի զեկույցի հետ, քանի որ կազմակերպությունը ամբողջ աշխարհում իր հեղինակությունը տարիների ընթացքում նվաճել է, իր օբյեկտիվությամբ իր անաչառությամբ ու անկողմնակալությամբ՝ վստահ է իրավապաշտպանը։