Իրավապաշտպանի գործն ուղարկվել է դատարան
Կոմիտաս 5-ի դեպքերով իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի գործն այսօր ուղարկվել է դատարան։ Գործը քննվելու է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին տեղեկացրեց հենց Արգիշտի Կիվիրյանը։ Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նրան այս գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ սուտ մատնության հոդվածով, սակայն հետագայում հանվել էր։ Ի դեպ, նախաքննական մարմինը տեղեկացրել էր, որ Արգիշտի Կիվիրյանը կարող է օգտվել համաներումից, սակայն վերջինս հրաժարվել էր։ Պարոն Կիվիրյանը մինչ օրս էլ շարունակում է պնդել, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել եւ դատարանում փորձելու է հասնել արդարության։ «Դե ինչ, շարունակենք պայքարը դատարանում, ընդդեմ ոստիկանության բռնապետության»,- ասում է նա։