Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը 2 անգամ ավելի քիչ է կրակ բացել (տեսանյութ)

Քաղաքականություն
vazashen

Տավուշի մարզում շարունակվում են Վազաշեն-Պառավաքար ճանապարհը շրջանցող նոր ճանապարհի՝ անցյալ տարի սկսված շինաշխատանքները։ Շրջանցիկ ճանապարհի երկարությունը կազմելու է 3 կմ 188 մ։ Հողային աշխատանքների 70 տոկոսը կատարվել է։ Աշխատանքների ընթացքում բարձր հողային թմբերը պաշտպանում են շինարարներին։ Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել այս տարի։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը նշեց, որ ճանապարհին կառուցվելու են նաև լրացուցիչ պաշտպանիչ պատնեշներ, տեղադրվելու են ճանապարհային երթևեկության անվտանգության էլեմենտներ, մետաղական արգելափակոց։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմից հնչած կրակոցների հետևանքով զոհվեց մեկ, վիրավորվեց մի քանի հայ զինծառայող, ինչից հետո Պառավաքար-Վազաշեն ճանապարհը պաշտոնապես հայտարարվեց փակված: Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը նշեց, որ այս պահին նշված ճանապարհը հիմնովին փակ չէ, երթևեկություն կա։ Բացի դրանից՝ կան Բերդի տարածաշրջանի այլընտրանքային ճանապարհներ։ Սարգսյանի խոսքով՝ ՊՆ-ն հսկողություն է իրականացնում։ Սարգսյանին հայտնի չեն դեպքեր, երբ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով երթևեկող քաղաքացիներից ստորագրություն վերցնեն, որ արտակարգ պատահարի դեպքում պետությունը պատասխանատվություն չի կրում։ Տավուշի մարզի համայնքների մեծ մասը սահմանամերձ է։ Մարզում սահմանամերձ ճանապարհների երկարությունը 105,5 կմ է։ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյան նշեց, որ անցյալ տարի Տավուշում թշնամու կրակոցների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 11 վիրավոր, այդ թվում՝ 2 քաղաքացիական անձ։ Մկրտումյանի խոսքով՝ հայկական կողմը կրակում է միայն ծայրահեղ դեպքերում և 2 անգամ ավելի քիչ է կրակ բացել, քան ադրբեջանցիները։ Իսկ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը հավելեց, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ ավելի առավել դիրքային հնարավորություններ՝ պատժելու ադրբեջանցիներին, սակայն այդ քայլին չի դիմում։ Մկրտումյանի խոսքով՝ կառուցվող ճանապարհը լինելու է ամենաանվտանգը, որ մինչև այժմ գործել է։