Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞րբ կհամարձակվեն տրանսպորտը թանկացնել (տեսանյութ)

Հասարակություն
transport

Ձմռան ընթացքում չեն համարձակվի տրանսպորտը թանկացնել: Կարծում է իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Տրանսպորտը չի թանկանա, կարծում եմ, մինչև ապրիլ ամիսը, որովհետև այստեղ պետական քաղաքականություն է պետք ցուցաբերել և հասկանալ, որ գազի և լույսի թանկացումները արդեն ծանր են քաղաքացու համար։ Ուստի՝ այս գործընթացը կհետաձգվի հոսանքի-գազից հետո, կամ ընդհուպ կսպասեն աշխատավարձերի բարձրացմանը»: Իսկ մեր քաղաքացիները մտահոգված են ոչ միայն տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացմամբ, այլեւ երթուղայինների աշխատանքի որակով: Կանգառներում ստիպված են լինում նախատեսվածից երկար սպասել՝ հատկապես երեկոյան ժամերին. «Շատ վատ են աշխատում հաճախակի», «Արդեն տասը րոպեից ավելի է, ինչ սպասում եմ և հույս էլ չունեմ՝ երբ կգա»,- ասում են նրանցից ոմանք։ Մինչդեռ վարորդները հակառակն են պնդում. «Հեսա ես շարժվում եմ, 5 րոպեից հետևիս ավտոն գալիս ա», «Քաղաքացիներին հլը ասա` գնա էս պռոպկեքի մեջ ոտով ման արի, ո՞նց տեղ կհասնես, սաղ պռոպկայա, հազիվ ենք գալիս»,- նշում են վարորդները։ Պարոն Պիպոյանն էլ իր հերթին վստահեցնում է՝ տրանսպորտը վատ է աշխատում, որովհետեւ հանրային վերահսկողություն չկա, եւ դա փայլուն օգտագործում են գծատերերը։ Իսկ ինչո՞ւ քաղաքապետարանը պատժիչ միջոցներ չի կիրառում օրինախախտ տնտեսվարողների նկատմամբ, թեկուզ չվացուցակներին համապատասխան չաշխատելու համար, փորձագետի բացատրությունը մեկն է. «Որովհետև համատեղ իրականացվող գործընթաց ա»: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, ով ընդգրկված է Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովում, մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց, թե տրանսպորտը վատ է աշխատում։ Նա հիշեցրեց, որ մինչև հունվարի վերջ կներկայացնեն ուղևորափոխադրման նոր հաշվարկները, որից հետո հանրային լսումներ տեղի կունենան: Մեր քաղաքացիներից ոմանք արդեն ցանկություն են հայտնել մասնակցել այդ լսումներին, սակայն չեն կարծում, որ իրենց ձայնը որոշիչ կլինի։