Բուքմեյքերական գրասենյակ՝ թատերական ինստիտուտի շենքում
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շենքում գործող բուքմեյքերական գրասենյակը միանշանակ բացասական է ազդում ինստիտուտի հեղինակության վրա: Այս կարծիքին են «Ա1+»-ի զրուցակից ուսանողները։ «Կլինեն նաև այնպիսի ուսանողներ. ովքեր կօգտվեն բուքմեյքերական գրասենյակից: Ճիշտ չեմ համարում արվեստի ինստիտուտի տարածքում բուքմեյքերական գրասենյակի առկայությունը»,- ասաց ուսանողներից մեկը։ Պրոռեկտոր Հովիկ Մինասյանի խոսքով` իրենք անզոր են այս հարցում. «Այդ տարածքները վաղուց սեփականաշնորհված են, և մենք որևէ կերպ չենք կարող միջամտել, քանի որ դա մեր լիազորությունների սահմանից դուրս է»: Նա նաև ավելացրեց, որ ճիշտ է` սեփականաշնորհված տարածքները լսարանային պայմաններին չեն համապատասխանում, բայց լավ կլիներ, եթե դրանք պատկանեին ինստիտուտին։ «Ուսումնական թատրոնից բացի մեզ մոտ գործում է նաև Համազգային թատրոնը, և շատ ժամանակ խնդիրներ են առաջանում, քանի որ չենք կարողանում համատեղել այս երկու թատրոնների գործունեությունը: Իսկ կառավարության` դեռևս անցած տարվանից Համազգային թատրոնին խոստացված նոր տարածքը, դեռ չի տրամադրվել »,-ասաց նա։