Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյան. «Ամբողջ ժողովրդով ոտքի ենք ելնելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
23

Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան. Ազատության հրապարակում հավաքվածներին ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` Արևմուտքում իշխանությունները և հիմնադրամները վաստակել են ժողովրդի վստահությունը, այդ պատճառով այնտեղ գործում է կենսաթոշակային այս համակարգը: Իսկ Հայաստանում չենք կարող վստահել իշխանություններին։ Զուրաբյանը հայտարարեց, որ ոչ ոք միամիտ չէ, չի կարծում, թե կուտակային հիմնադրամների մենեջերները բարեխիղճ կառավարիչեր են, այլ «երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանդիտներ են», որոնց ֆունկցիան լինելու է գումարների յուրացումը: «Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք կապիտալի ապօրինի արտահոսքը Հայաստանից եղել է շուրջ 5 մլրդ դոլար»,- ասաց Լևոն Զուրաբյանը` վկայակոչելով Համաշխարհային բանկի զեկույցը:ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այս համընդհանուր արտագաղթի, աղքատության պայմաններում հանկարծ պարզվեց, որ ամենակարևոր հարցը կուտակային ռեֆորմն է, «ինչն այս կառավարությունը մոլագարի հետևողականությամբ փորձում է իրականացնել»: Իրականում, Զուրաբյանի խոսքով, «կուտակային պարտադիր վճարները ընդամենը գործիք են ժողովրդի թալանի համար, իբր քիչ էին տնտեսության մենաշնորհումը, փոքր և միջին բիզնեսի ջախջախումը, գազի և էլեկտրաէներգիայի թալանը»: «Հիմա էլ թալանի նոր միջոց են գտել: Հիմա ի՞նչ, թո՞ւյլ ենք տալու սա»,- հավաքվածներին հարցրեց Զուրաբյանը: Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ ոչ։ «Շատ շուտով գալու է այս իշխանության` ժողովրդին հաշվի տալու ժամանակը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Հավաքվածները սկսեցին վանկարկել «Մենք ենք տերը մեր երկրի»: «Ամբողջ ժողովրդով ոտքի ենք ելնելու` թալանին վերջ տալու»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ պետք է ազատվել նաև թալանի մյուս գործիքներից, իսկ որպեսզի իշխանությունները նահանջեն, պետք է տեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց Ազատության հրապարակում: