Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա հարձակում էր Տիգրան Սարգսյանի վրա»

Քաղաքականություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

Քանի դեռ չի խոսել Սերժ Սարգսյանը, դժվար է ասել, թե հանրապետական եղբայրակիցները Տիգրան Սարգսյանին որքանով կպաշտպանեն Ռոբերտ Քոչարյանի քննադատությունից: «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով Քոչարյան-Սարգսյանի հեռակա բանավեճը: Շիրինյանի կանխատեսմամբ՝ եթե Քոչարյանի կարգախոսը լիներ՝ «պայքար քաղաքական և տնտեսական օլիգարխիայի դեմ», ապա երկրորդ նախագահը շատ ավելի շատ համակիրներ կունենար, բայց Քոչարյանն այդ մասին չի խոսում: Միաժամանակ Շիրինյանն ասաց, որ այս ռեժիմն առաջացել է Քոչարյանի կառավարման տարիներին: «Սա ամբողջ թափով հարձակում էր Տիգրան Սարգսյանի վրա: Ինչ-որ մեկը որոշել է, որ հիմա հարմար պահ է՝ ամբողջ պատասխանատվությունը վարչապետի վրա դնելու համար: Պիտի ենթադրել, որ վարչապետը ինքը պատասխանատվություն ունի, բայց վարչապետը մեր պետության մեջ գլխավոր դեմք չէ»,- ասաց քաղաքագետը: Շիրինյանի կարծիքով՝ քաղաքական վերնախավը պետք է հավաքվեր կլոր սեղանի շուրջ մեկը մյուսին չխաբելու մտադրությամբ և որոներ ելքեր՝ երկիրը զարգացնելու և արտագաղթը կասեցնելու համար: «Պիտի նստեն մի հատ կարգին խոսեն, ոչ թե էսպես կրակոցներով իրար մեղադրեն»,- ասաց Լևոն Շիրինյանը: Նրա կարծիքով՝ ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Տիգրան Սարգսյանի փաստարկները հիմնավոր չեն: