«Ռ. Քոչարյան-Տ. Սարգսյան հակամարտության հիմքում ԲՀԿ-ն է» (տեսանյութ)
Ստեփան Սաֆարյանը վարչապետի եւ երկրորդ նախագահի «շինարարության բում» կոչվող փուչիկի մասին հեռակա բանավեճը նմանեցնում է Վինի Պուխի պատմությանը։ Երկուսն էլ, ըստ պարոն Սաֆարյանի, այս բանավեճից փորձում են օգուտներ կորզել։ Դա նրանց չի հաջողվի, քանի որ երկուսն էլ հավասարապես վատ անցյալ ունեն։ Բայց պարոն Սաֆարյանը կասկածում է, որ Քոչարյանը Տիգրան Սարգսյանին հանգիստ կթողնի ու կհարձակվի Սերժ Սարգսյանի վրա։ «2013-ի հունվարի 15-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց եւ ասաց հետեւյալը՝ ճիշտ է իմ վերադարձի համար հիմնական պայմաններն առկա են, բայց ես չեմ վերադառնում էթիկական պայմաններով, որովհետեւ մյուս կողմն իմ ընկեր Սերժ Սարգսյանն է, բայց ասաց՝ Սերժ Սարգսյան, քո վարչապետը վարչապետ չի»,- նշում է Ստյոպա Սաֆարյանը։ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը լռեր. Միայն մարտի 1-ը եւ «Գույք պարտքի դիմաց»-ը բավական է։ Նախկին այլախոհի տպավորությամբ, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ Տեր-Պետրոսյանն էլ ամեն ինչի մասին կխոսեն, որպեսզի լռեն գլխավորի մասին։ Հայրիկյանն ասում է՝ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի նշանակածն է, ավելի լավ է միանգամից իր իրավահաջորդին դիմեր Ռոբերտ Քոչարյանը, ի վերջո նրա ժամանակներից է սկիզբ առել այսօրվա խայտառակ վիճակը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հակամարտության հիմքում ԲՀԿ-ն է։ Ինչ-որ կերպ պետք է պատասխաներ ընդդիմադիր ամենաուժեղ քաղաքական կառույցի մեղադրանքներին, թե ինչու ենք այսօր վատ ապրում։ Մեղավորը ոչ թե ինքն է, այլ Քոչարյանի օրոք շինարարական բում կոչվող փուչիկը, որն իբր տնտեսական աճ էր ապահովում. «Տիգրան Սարգսյանն այդպիսի քննադատությունով փաստացի խփեց նաեւ Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն ինքն ունի որոշակի հասարակական լեգիտիմություն հասարակության մեջ բացառապես Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեության ժամանակահատվածում, որտեղ քիչ թե շատ մարդիկ լավ էին ապրում»։ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող չպատասխանել։ Եվ պատասխանեց այնպես, որ Տիգրան Սարգսյանի կուսակիցները չեն կարողանում պաշտպանել վարչապետին Ռոբերտ Քոչարյանի փաստարկներից. «Որովհետեւ պաշտպանել, դա նշանակում է փնովել կամ փչացնել Հանրապետական նախորդ կառավարության գործունեությունը Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ»։ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ տրամաբանական կլինի, որ Տիգրան Սարգսյանին հեռացնեն վարչապետությունից։ Բայց ինչո՞ւ Քոչարյանը չի հարվածում Սերժ Սարգսյանին, որը նշանակել է այսօրվա վարչապետին. «Սերժ Սարգսյանին ինքը կհարվածեր էն ժամանակ, երբ որ ինքը լիներ ֆինիշի վերջում, այսինքն՝ նախագահական ընտրություններից առաջ։ 3-4 տարի առաջ հարվածել Սերժ Սարգսյանին, կներեք, դա քաղաքական անմեղսունակություն կլինի»։