Ո՞վ է փչել փուչիկը, իսկ ո՞վ՝ ծակել
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճը բեմականացում է: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօրվա ասուլիսում: «Երկրորդ և երրորդ նախագահների կոնֆլիկտը բեմականացվել է բազմաթիվ անգամներ, և դրանք անհետևանք են անցել նախորդ եթերաշրջաններում»,- ասաց Սաֆարյանը: Նա Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը նմանեցնում է «իրար վրա ցուցմունք տալուն»: Սաֆարյանի խոսքով՝ երկուսն էլ չեն հերքում, որ փուչիկը փչվել է: Պարզապես մեկը դիմացինին մեղադրում է փուչիկը փչելու, իսկ մյուսը՝ փուչիկը ծակելու մեջ: «Ճիշտ Վինի Թուխի հեքիաթն է, անկեղծ ասած»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ժողովրդին հետաքրքիր չէ, թե ով է փչել և ով՝ ծակել փուչիկը: Բանախոսը վստահ է՝ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ մտածեն, որ անցյալի համար մեղավորը մեկ անձ է, առավել ևս, որ անցյալում բոլոր սուբյեկտները եղել են մեկ թիմում: Ստյոպա Սաֆարյանը խիստ կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի հետ բանավեճը կտեղափոխի իր և Սերժ Սարգսյանի հարթություն: Ուստի, հետագայում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան նամակագրություն չենք տեսնի: