Շանթին տեղափոխել են հիվանդանոց
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից այսօր տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Շանթ Հարությունյանի առողջական վիճակը չի վատացել, սակայն նա լուրջ բժշկական հետազոտման կարիք ուներ, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը արդեն 16 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ։ Նա պահանջում է երաշխիքներ իր անվտանգության համար։
Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար (քր. օր. 316 հոդվածի 2-րդ մաս)։ Եթե Շանթ Հարությունյանի մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ «Ա1+»-ին հայտնեց, որ երեկ է այցելել նրան. «Առողջական վիճակը նորմալ չէր, գունատված էր»։