Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կմտնենք ռուբլու գոտի (տեսանյութ)

Քաղաքականություն
95798e26dfa5092d94e6d65e2ec39a14

Եթե Մաքսային միությունը կայանա, ապա միասնական արժույթի ստեղծումն անխուսափելի կլինի՝ համոզված են տնտեսագետները։ Դա կլինի տնտեսական միասնական գոտու ստեղծման տրամաբանական շարունակությունը, ասում են նրանք, սակայն նաեւ հավելում, որ կասկածում են Մաքսային միության կայացմանը; «Միասնական արժույթ չի ստեղծվի գոնե մոտակա մի քանի տասնամյակում: Եվրամիությունն էլ մինչև միասնական արժույթին հասնելը, տասնյակ տարիներ տարբեր գործընթացներ կատարեց։ Մենք էլ, եթե այդ գործընթացներն անցնեք, վաղ թե ուշ կհրաժարվենք ազգային արժույթից»,- վստահ է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Նրա հետ համամիտ է տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը, սակայն նա կարծում է, որ այդպիսի քայլ կարող են անել միայն հավասարաչափ զարգացած երկրները. «Մեր պարագայում ինտեգրվում են ոչ թե զարգացած, այլ զարգացող երկրները, որոնցում ժողովրդավարությունը գտնվում է սաղմնային վիճակում, իսկ դա նշանակում է, որ չկան քաղաքական բավարար նախադրյալներ՝ հետագայում տնտեսական լուրջ հաջողությունների հասնելու համար»,- ասում է տիկին Թադեւոսյանն ու հավելում, որ եթե լինի միասնական շուկա, եւ ունենանք տնտեսական զարգացման բարձր մակարդակ, ապա միասնական արժույթի գոտին ձեռնտու կլինի. «Եթե մենք Մաքսային միության մեջ լինենք, ու ամեն երկիր օգտագործի իր արժույթը, կլինեն ֆինանսական պարտավորություններ, կորուստներ։ Սակայն այդ ամենի համար պետք է գործընթացը հասունանա»,- ասում է նա: