«Սերժ Սարգսյանը գիտի, որ ես գիտեմ, որ ինքը գիտի» (տեսանյութ)
Հայաստանի քաղաքագետների միության շենքի շքամուտքը քանդում են առանց միության նախագահին տեղյակ պահելու։ «Առանց ինձ տեղյակ պահելու քանդում են իմ սարքած պատը։ Քաղաքապետարանի եւ այս իշխանությունների համար իրավունքներ ունեն այն քաղաքացիները, որոնք իրենց յուրայիններն են։ Նրանք, ովքեր յուրային չեն, նրանք քաղաքացիական իրավունքներ չունեն, իրավազուրկ ունեն։ Եվ դրա վառ ապացույցներից մեկը մեր շքամուտքը քանդելն է։ Քաղաքապետարանը պարտավոր էր ինձ առաջարկել, որպեսզի ես բանական ժամկետներում քաղաքագետների միության մուտքի ձեւափոխումը կատարեմ: Բայց այդ դեպքում եւս ձեւափոխումը կլինի ապօրինի, քանի որ գոյություն ունի 2012թ մարդու իրավունքների պաշտպանի վճիռ, որտեղ առանձին տողով ասվում է այն մասին, որ կառավարության որոշմամբ խախտվել է մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը »,-ասաց պարոն Հովհաննիսյանը։ 2012թ. մարտի մեկին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որով Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտի տնօրեն Սենիկ Ջուլակյանի սեփականություն է համարվում նաեւ շենքի ընդհանուր օգտագործման տարածքները՝ մուտքն ու աստիճանավանդակները։ Քաղաքագետների միության հետ շենքում են գտնվում եւս երեք ընկերություններ, որոնց իրավունքները նույնպես խախտվել են։ Քաղաքագետի խոսքերով, Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտի տնօրենն էլ կազմակերպել է մուտքի ձեւափոխման աշխատանքները։ Պարոն Հովհաննիսյանը վստահ է, որ այս ամենը կապված է իրեն հեռացնելու հետ։ «Ինձ ասպարեզից հեռացնելու խնդիր է դրված։ Սա եւ հոգեբանական ճնշում է, եւ նախազգուշացում։ Սա ցուցադրական հաշվեհարդար է։ Քանի որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ես գիտեմ, որ ինքը գիտի»,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե իր կամ իր մոր հետ ինչ-որ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։