«Արեք մեզ հետ ինչ ուզում եք»
«ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական կեղծիքը: Այն փաստաթղթերը, որոնք դրվել էին քվեարկության, հակասահմանադրական են: Քվեարկություն իրականում տեղի չի ունեցել: Իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև չի կանգնում, ինքը կեղտի մեջ թաղված է մինչև մազի ծայր և նոր անօրինականություններ է անում»,- անդրադառնալով «Գազային» համաձայնագրին՝ ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ։
Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ այս պայմանագիրը վերաբերում է ոչ միայն գազին, այլև ընդհանրապես էներգետիկային: Գազի բարձրացման պարագայում էլ.էներգիայի 30 տոկոսով բարձրացում է տեղի ունեցել. «Մենք պետք է պատրաստվենք նաև էլ.էներգիայի սակագների հերթական բարձրացմանը»։
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը նկատում է, որ մեր հարևան Վրաստանում բնակչին հասնող գազը 269 դոլար է՝ մեզանից էապես էժան: Բայց Հայաստանում բնակիչը մուծում է մոտ 400 դոլար: Հետևաբար նա չի հասկանում հայտարարությունները, թե մենք ամենաէժանն ենք գազ ստանում. «Մենք ստանում ենք բավականին թանկ գազ, որը համեմատելի է եվրոպական գների հետ»։
Այս համաձայնագիրն անտեսում է ՀՀ բոլոր օրենքները, այդ թվում՝ մասնավորեցման, համայնքների սեփականությունը հանդիսացող բազմաթով հողատարածքների, խողովակաշարերի սեփականշնորհման մասին՝ լուսավորում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը. «Առանց այդ տարածքները գնահատելու՝ հանձնում եք «Գազպրոմին», ընդ որում՝ ոչ թե Ռուսաստանի կառավարությանը»։
Ապա ավելացնում է. «Ես չեմ տեսել Հայաստանի կնքած որևէ համաձայնագիր, որով Հայաստանը հրաժարվի միջազգային իրավունքով տրվող բոլոր անձեռնմխելիություններից: Այս պայմանագրով Հայաստանը հրաժարվում է: Ավելի ազնիվ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունը գար ԱԺ և ասեր՝ «էս 20 տոկոսը նվիրենք Ռուսաստանին», ոչ թե նման պայմանագիր ստորագրեր»։
«Սրան քաղաքական հիմնավորում չկա, սա ուղղակի նշանակում է հանձնվել, ձեռքերը բարձրացնել և ասել՝ «արեք մեզ հետ ինչ ուզում եք»: Ռուսաստանը պատժում է ուղղակի Հայաստանին»,- եզրափակում է Վահագն Խաչատրյանը։