Ինչպես սիրել մխչյանցի Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)
Հայաստանում նոմենկլատուրային մտավորականների պակաս չի զգացվում։
Արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը նկատում է, որ մեր մտավորականների մեծ մասը լավ չի ապրում, հետեւաբար ձգտում է մոտ լինել նրանց, ովքեր լավ են ապրում։ «Եվ երբ որ առիթ է լինում մերձենալու, իրենք պահը բաց չեն թողնում»,- ասում է արձակագիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։
Մյուս կողմից արձակագիրը նկատում է, որ միշտ չէ, որ իշխանություններին մոտ լինելը վատ բան է. «Իշխանություններն այս երկրի իշխանություններն են, եթե երկիրը սիրում ես, իշխանություններին եթե նույնիսկ չես սիրում, գոնե պիտի հանդուրժես»։
Գրողը նկատում է, որ իր մասին էլ են հաճախ ասում, թե ինքը մոտիկ է իշխանությունների հետ, ընդ որում՝ Հայաստանի բոլոր իշխանությունների հետ։ Ինքը համաձայն չէ. «Եթե ես իշխանությունների հետ լավ լինեի, ես չէի կորցնի իմ ստեղծած «Ար» հեռուստաընկերությունը։ Եթե ես իշխանամետ մարդ եմ, ինչի՞ ոչ մի շքանշանով չեմ պարգեւատրվել, մի՞ թե ես էդ արժանիքը չունեի կամ վաստակը չունեի»։
Գրողին հիշել է միայն Սերժ Սարգսյանը եւ երկու տարի առաջ պարգեւատրել «Մովսես Խորենացու» շքանշանով, ինչի համար խորապես շնորհակալ է։
Միաժամանակ պարոն Տեր-Գուլանյանը նկատում է, որ այսօր իշխանություններին պաշտպանելն ավելի դժվար է, քան քննադատելը, ով ինչ ուզում է՝ գրում է նրանց դեմ. «Լավ, ինչպե՞ս կարելի է, վերջին հաշվով, ինչքա՞ն կարելի է չսիրել սեփական երկիրը, սեփական իշխանություններին»։
«Ու՞մ սիրես, մխչյանցի Հովիկ Աբրահամյանի՞ն,-հարցնում է նույնքան մխչյանցի բանաստեղծ Հուսիկ Արան,- Ես ո՞նց դրա հետ խոսամ, դրա բարոյականության հետ ո՞նց համաձայնվեմ, հաշտվեմ»։
Բանաստեղծը տարբեր իշխանավորների հետ է տարբեր առիթներով նստել եւ խոսել։ Այլեւս չի կարող իրեն նման բան թույլ տալ. «Մի րոպե նստեմ իրանց հետ խոսամ, ինձ կտան կսպանեն, որովհետեւ լրիվ ուրիշ հայերեններ ենք խոսում»։
Հուսիկ Արան համոզված է՝ մտավորականը չպետք է լինի նոմենկլատուրային, իշխանությունը չի կարող հենց այնպես լուծել նրա հացի խնդիրը։ Հարց լուծող մտավորականները զզվելի են դարձնում մյուսներին. «Նրանք՝ այդ իշխանամետ մտավորականները, նաեւ արժեզրկում, ընդհանրապես ոչնչացնում են մտավորական հասկացությունը մեր միջից, հասարակության միջից»։