Դրամահավաք ակտիվիստների համար (տեսանյութ)
Միայն այս տարվա ընթացքում ավելի քան 150 քաղաքացի իր հայացքների համար բերման է ենթարկվել ոստիկանություն: Նախախորհրդարանի Անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով` այսկերպ իշխանությունները հստակ խնդիր են լուծում. «Զանգվածային բերման ենթարկելու և դրամական տուժին ենթարկելու միջոցով հետապնդում է ակտիվ պայքարող մարդկանց ֆինանսապես ճնշելու նպատակ»:
Նախախորհրդարանի անդամները կասկած չունեն, որ իրենց շարունակելու են բերման ենթարկել եւ վարչական տույժ կիրառել: Այսօր Մաշտոցի պուրակում նրանք դրամահավաք էին իրականացնում` հարկ եղած դեպքում համակիրներին աջակցելու համար: Այս պահին վարչական տույժի են ենթարկվել նախախորհրդարանի երկու անդամներ՝ Կարո Եղնուկյանը և Տիգրան Խզմալյանը։ Նրանք պետք է վճարեին 58 հազար դրամ. «Կամավոր չէի վճարում, իրենք իմ բանկային հաշիվն էին կալանքի տակ դրել, հետո էլ առգրավեցին այդ գումարը»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Իսկ մեկ այլ ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նշեց. «Մարդիկ թող իրենց լուման դնեն, ինչի՞ համար հենց այդ մարդը, ով պայքարում է, պետք է վճարի, դա պետք է անի հանրությունը, որովհետև այդ մարդը հանրության համար է պայքարում»:
Դրամահավաքի մասնակիցներն այսօր հիշեցին նաեւ Մաշտոցի պուրակի պայքարը, որի արդյունքում Սերժ Սարգսյանի «սիրուն չի» արտահայտությունից հետո հանրային տարածքը «սիրուն ձևով» վերադարձվեց հանրությանը: Ի դեպ. քաղաքացիական ակտիվիստներն իրենց խորհրդանիշ դարձած դեղին սաղավարտներով միայն մանրադրամներ էին հավաքում, որի ընթացքում երգում և պարում էին` ցրտին դիմակայելու համար։