Գալուստ Սահակյանը մտքում է հայհոյում
ՀՀԿ-ն ընդամենը ժպտում է դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի պահվածքի վրա, քանի որ չկարողացան համախմբվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ այդ օրը ԱԺ-ն վավերացրեց գազի համաձայնագրերը, որի քվեարկությունը բոյկոտեցին ԱԺ ոչ իշխանական ուժերը: «Ինձ թվում է, որ ՌԴ-ից շատ են վախենում, դրա համար էլ դեմ չեն քվեարկել»,- կարծիք հայտնեց Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի մանդատները վայր դնել-չդնելու հարցին, ապա պարոն Սահակյանը համոզված է՝ չեն դնի. «Դա պոռթկումով հայտարարություն էր. մանդատները խաղալիք չեն, ովքեր պրոֆեսիոնալ են, հասկացան, որ պետք չէ դա անել ու նաեւ՝ ԱԺ-ում միայն ՀՀԿ չի կարող լինել: Այդպես արտահայտվում են նրանք, որոնք շատ հուզական են վերաբերվում քաղաքականությանը: Մանդատը տվել է ժողովուրդը, նա էլ ետ է վերցնելու»:
Նա հասարակությանը խաբկանքի տանող ճանապարհ համարեց ոչ իշխանական ուժերի այն հայտարարությունները, թե համաձայնագրերի վավերացումն օրինական չէ, քանի որ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովը լիարժեք կազմով չի աշխատել. «Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը ժամանակավոր է ու կատարում է տեխնիկական աշխատանք, մանավանդ տեղի է ունեցել բաց քվեարկություն, հետեւաբար՝ խնդիր չի առաջանում, թե քվորում չի եղել՝ ՀՀԿ-ն ապահովել է քվեարկությունն ու քվորումը:
Դրսի կանգնած այդ 200-300 հոգին (նկատի ունի ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին-խմբ.) դա չեն հասկանում»:
Ըստ նրա՝ ընդդիմության հիստերիան այնտեղից սկսվեց, երբ իրենց պահանջը չկատարվեց, թե հաշվիչ հանձնաժողովը պետք է նիստ գումարեր. «Դա ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակներում է եւ վերաբերում էր փակ, գաղտնի քվեարկությանը: Հանձնաժողովի բոլոր անդամներն էլ եղել են նիստերի դահլիճում ու կարող էին փառահեղ կատարել հաշվարկը: Իսկ լուսնոտային ձեւով քարտերը տանելուց հետո ստիպված եղանք ձեռքերով քվեարկություն կատարել»:
Գալուստ Սահակյանը չի զղջում, որ ԱԺ ամբիոնից ոչ իշխանական պատգամավորների որոշ ելույթներից հետո նրանց անվանել էր ճիվաղ. «Եթե մարդ մեկը մյուսին դավաճան է համարում, ուրեմն ճիվաղ է»:
Իսկ այն, որ իրենց կուսակից գործընկեր Առաքել Մովսիսյանը լրագրողների՝ ԱԺ-ում ֆլեշ-մոբ իրականացրած լրագրողների հասցեին վիրավորանքներ էր հնչեցրել, նա այսպես արձագանքեց. «Նրանց երակներում ազնիվ, ազգային արյուն է հոսում, ես վստահեցնում եմ. յուրաքանչյուրն իր լեկսիկոնն ունի, ինչ-որ մեկն էլ ղզիկի ձայնով է, ասենք, խոսում դրսում, ուրեմն պետք է դատապարտե՞լ նրան: Իսկ ես մտքիս մեջ եմ ասում քֆուրը ու հետո գրական ձեւակերպումով արտահայտվում»: