«Ընդունվել է ապօրինի որոշում»
ԱԺ ոչ իշխանական ուժերը ՍԴ կդիմեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից ներկրվող Գազի մասին ԱԺ վավերացրած համաձայնագիրը կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում: Այսօր նման որոշում են կայացրել 4 խմբակցություններն իրենց համատեղ նիստում:
Ոչ իշխանական 4 խմբակցությունը վիճարկում են երեկ համաձայնագրի վավերացման ժամանակ ԱԺ ոչ էլեկտրոնային քվեարկության հաշվարկը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ հավաքել էր պատգամավորների անհատական քվեարկության քարտերը` այդպիսով փորձելով կանխել գազի համաձայնագրի վավերացումը:
Արդյունքում ԱԺ նախագահությունը որոշեց քվեարկությունն անցկացնել ձեռք բարձրացնելով: Ձայների հաշվարկն իրականացրեց Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Ոչ իշխանական ուժերը վստահեցնում են` իրականում քվեարկություն տեղի չի ունեցել, քանի որ հաշվիչ հանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել։
«Գործող օրենքների կոնտեքստում մենք ապացուցելու ենք, որ ընդունվել է ապօրինի որոշում, որը չի կարող համարվել օրինական հիմք` համաձայնագրի վավերացման համար»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Մինչ ՍԴ դիմելը` խմբակցությունները պատրաստվում են իրականացնել քաղաքական գործողություններ եւ նոր լուծումներ են գտել: Նրանք դեկտեմբերի 26-ին ժամը 14:00-ին հրավիրել են Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի արտահերթ նիստ եւ քննարկելու են երկու հարց` դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում տեղի ունեցած ոչ էլեկտրոնային քվեարկության հաշվարկման օրինականությունը եւ կազմակերպչական այլ հարցեր: Նրանք չեն բացառել, որ կլինի նաեւ առաջարկ հաշվիչ հանձնաժողովի ղեկավարության փոփոխություն: