Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյանը կդիմի Եվրադատարան

Քաղաքականություն
777ab646447c78471f0f1680a64289ef

«Armenia Today» կայքի համակարգող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն այսօր նորից ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էր:

Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ իրեն հատուկ քննչական ծառայությունից ներկայացրել են արձանագրություն` կեղծ մատնության կապակցությամբ: Կիվիրյանն ու իր փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվել են ծանոթանալ և ստորագրել: Արգիշտի Կիվիրյանն այս ամենը մեկնաբանեց այսպես. «Աբսուրդի թատրոնը դեռևս շարունակվում է, և քննչական մարմինը չգիտի՝ ինչ անել: Ամեն ձևով փորձում է իրականացնել պատվեր իմ դեմ, փորձում է այդ պատվերը տեղավորել քրեական օրենսգրքի և քրեական դատավարական օրենսգրքի շրջանակներում, սակայն դա իրենց մոտ չի ստացվում, քանի որ գործը լրիվ, ծայրից ծայր սարքված է»:

Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում է, որ իր աշխատանքային պրակտիկայում դեռևս նման դեպքեր չեն գրանցվել. «Ես դադարել եմ այլևս հասկանալ, թե ինչ է կատարվում և յուրաքանչյուր անգամ ինչ- որ ցուցումով ասում են, որ նորից վերսկսվել է նախաքննությունը, սպասում են, որ ինչ-որ մի աբսուրդ կլինի, սակայն, ախր աբսուրդն էլ վերջ ունի: Ստացվում է, որ Արգիշտի Կիվիրյանի գործով աբսուրդները վերջ չունեն»,- հավելեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրանք չեն հավատում ՀՀ իրավական համակարգին. «Ակնհայտ է, որ նման գործերում քննիչն ինքնուրույն չի գործում անգամ շարքային գործերով, ուր մնաց քաղաքական գործերով: Նա անում է այն ցուցումը ինչն իրեն կասի վերադասը` գլխավոր դատախազը կամ Բաղրամյան 26-ը»:

Կիվիրյանն ու իր փաստաբանը խոստանում են, որ եթե ՀՀ իրավական համակարգում այս հարցը չլուծվի, նրանք կդիմեն Եվրադատարան: