«Հայաստանը Ռուսաստանի ամենալուռումունջ վասալն է»
Այսօր Մոսկվայում ստորագրվեց Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը։
Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին հաստատված ծրագիրը սահմանում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Մաքսային միությանը միանալու համար։
Ճանապարհային քարտեզի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն Հայաստանում արդեն մտահոգ են։ Շատերը վստահ են, որ Հայաստանը չի մասնակցել ճանապարհային քարտեզի ստեղծմանը։
«Որքանով երկրի ղեկավարն է հաշվի նստում սեփական երկրի հասարակության հետ, նույնքանով արտաքին ուժային կենտրոնները հաշվի են նստում երկրի ղեկավարի տեսակետի կամ մոտեցման հետ»,- վստահ է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Այս պարագայում, ըստ նրա, Հայաստանը չէր էլ կարող բանակցել Ռուսաստանի հետ կամ չընդունել որեւէ պայման. «Ամեն ինչ արվել է ծածուկ եւ դրա հետեւանքը եղավ այն, որ երկրի ղեկավարը պարզապես ի վիճակի չէ վերահսկել Հայաստանի ճակատագրի վերաբերող հարցերը»։
Ցանկացած պարագայում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս փաստաթուղթը համարում է հետընթաց Հայաստանի համար. «Հայաստանը Ռուսաստանի ամենալուռումունջ վասալն է, որովհետեւ մեր քաղաքացիական անհնազանդությունը չի ընթանում այն մասշտաբներով, ինչ Ուկրաինայում եւ մյուս կողմից մեր ղեկավարությունը չի կարողանում այնպես հակադարձել Ռուսաստանի ճնշումներին, ինչպես օրինակ Բելառուսն է անում»։
Այն, որ ակտիվ հասարակությունը կարող է իրավիճակ փոխել՝ վստահ է նաեւ Հմայակ Հովհաննիսյանը. «Վաղ թե ուշ հասարակությունը գիտակցելու է պարտավորությունը երկրի նկատմամբ, ու ստիպելու է իշխանությանը իրեն այդ խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու հարցում»։
Իսկ Մոսկվայում արդեն հանձնարարվել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ ապահովել ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների իրականացումը: