Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում էլ կայքեր կարգելափակե՞ն

Քաղաքականություն
46d62e2a9389e015880b903f0e288054

 «Եթե մերձենում ես այնպիսի երկրների, որտեղ խոսքի ազատության սահմանափակումները, ինտերնետի սահմանափակումները արդիական խնդիրներ են եւ կիրառվում են տարբեր նոր միջոցներ տեղեկատվական հոսքերը սահմանափակելու եւ վերահսկելու համար, դա ռիսկային է»։ Այս կարծիքին է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։

ՌԴ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով հնարավորություն է ընձեռվում Գլխավոր դատախազին եւ նրա տեղակալներին արգելափակել նաեւ ինտերնետային կայքերը, որոնցում, ըստ նրանց, կհրապարակվեն ծայրահեղական, ինչպես նաեւ կառավարության կանոնակարգերին հակասող հրապարակային միջոցառումներ անցկացնելու կոչեր։

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտավախություն է հայտնել, թե ծայրահեղականության դեմ պայքարի անվան տակ կարող է սահմանափակվել ԶԼՄ-ի ազատությունը։ Արդյո՞ք դա կարող է տարածվել նաեւ Հայաստանի վրա, որը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։

Պարոն Նավասարդյանի գնահատմամբ՝ գործընթացը այնպիսին է, որ վերահսկողության տակ է վերցնում հիմնականում քաղաքական վերնախավը, մեր տնտեսությունը, որպեսզի հանկարծ Հայաստանում ինչ- որ անսպասելի բան չկատարվի եւ այլ ուղղությամբ շրջադարձ տեղի ունենա։

Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ լրատվամիջոցների վերաբերյալ բացասական նախաձեռնություններ չի տեսնում եւ այդ ազատությունները ոչ միայն ֆորմալ, օրենսդրական առումով են վտանգված, դեռ ավելին՝ հոգեբանական։

«Երբ հասարակական կարծիքը սկսում է քիչ դեր խաղալ, երբ մեր իշխանությունները դառնում են ավելի ցինիկ եւ ասում են՝ ինչ ուզում եք արեք, մենք մեր որոշումները կկայացնենք, մենք մեր իշխանությունը կիրականացնենք այնպես, ինչպես կուզենանք, այս պայմաններում նույնիսկ չվտանգված, չսահմանափակված, չվերահսկվող ժողովրդավարական ինստիտուտները ուղղակի պակաս արդյունավետ կարող են լինել, դա այն վտանգն է, որը մենք արդեն զգում ենք»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։