Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Բադեյանը ներողություն չխնդրեց

Քաղաքականություն
0d3d4b910717e327161cf8fe6a38f078

Եզդիներին վիրավորելու համար ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը կքննարկի ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը։ Այսօր միանգամից 2 դիմում է վարույթ ընդունվել՝ «Սինջար եզդիներ ազգային միավորման» եւ «Եզդիների ազգային կոմիտեի։

«Մեր նպատակն է, որ Էթիկայի հանձնաժողովը արձանագրի իրականությունը եւ որոշում կայացնի»,- մեզ հետ զրույցում ասում է «Սինջար եզդիներ ազգային միավորում» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին:

Թեեւ հարցը դեռ չի քննարկվել, սակայն հանձնաժողովի անդամ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը շտապեց հանգստացնել եզդի համայնքի ներկայացուցիչներին. «Տարընկալում էր եղել, որի հետ կապված պահանջվում էր նաեւ, որ մեկ անգամ եւս անդրադարձ կատարվի պատգամավորի կողմից խնդրին, որ իրոք այդպես է եղել եւ այլն»:

Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումի զեկուցող է նշանակվել ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը. «Ես կողմ եմ եղել այս հարցի վարույթ ընդունելուն, քանի որ սա շատ կարեւոր է: Անկողմնակալ եմ լինելու: Եթե տեղի է ունեցել նման փաստ, ապա որեւէ հիմք չկա նման փաստը մերժելու եւ չընդունելու վարույթ»:

Դիմումատուներին վիրավորել էր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի` լրագրողների հարցին տված այն պատասխանը, թե եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, ինքը կզարմանար: Ի պատասխան պատգամավորի՝ եզդիները հավաքվեցին ԱԺ-ի մոտ զուգարանի թղթերով եւ ավանակի պատկերով՝ պաստառով։ Ակցիայից հետո ՀՀԿ-ականները եզդիներին խոստացան, որ Մանվել Բադեյանը նրանցից ներողություն կխնդրի։

«Նա հրապարակային վիրավորել է մի ամբողջ ազգի, պետք չի բերել ինչ-որ սենյակի շրջանակում այս հարցը փակել: Թող հրապարակային ներողություն խնդրի: Մենք պայմանավորվել էինք այդպես, ինչը չեղավ»,- ասում է Բորիս Մուրազին:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2014թ.-ին, սակայն անդամները դեռ չեն որոշել՝ Մանվել Բադեյանին կհրավիրե՞ն պարզաբանումներ տալու, թե՞ ոչ: