Պատգամավորները դիմում են ՍԴ
Քիչ առաջ խորհրդակցություն էր ԱԺ ՀՅԴ խմբակցության սենյակում: Չորս խմբակցությունների՝ ՀՅԴ. ՀԱԿ. ԲՀԿ եւ «Ժառանգության» պատգամավորները հայտարարության տեքստ են պատրաստել կապված «գազային» համաձայնագրի ընդունելու հետ։ Նրանք որոշեցին դիմել ՍԴ:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մինչ ՀՅԴ սենյակ մտնելը, հայտնեց,որ իրեն հայտնի է դարձել, որ Հաշվիչ-հանձնաժողովի 7 անդամներից 4-ը հաշվարկին չի մասնակցել:ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» հաշվիչ հանձնաժողովի անդամները հրաժարվել են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին, իսկ դա նշանակում է, որ նիստ չի գումարվել, եւ որոշում չի կայացվել:
«Խախտվել է ԱԺ-ի կանոնակարգ-օրենքը, համաձայնագիրը դե յուրե չի վավարացվել։ Չկա արձանագրությունը վավերացնելու մասիՆ դե յուրե որոշում։ Չկա թուղթ, որով կարելի է իմանալ, թե քանի պատգամավոր է քվեարկել։ Ժողովուրդը ոչ մի բան չպետք է զիջի կամ հանձնի»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե իր եւ Ռուբեն Հակոբյանի քարտերն էլ վերցրել էր ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը։«Երեւի կասկածում էր պետական դավաճանության մեջ»,- կատակեց նա։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընդմիջման ժամանակ բոլոր հանրապետականների քարտերը հավաքել էր, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել:
ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն քվեարկեցին և 77 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին աղմկահարույց գազային պայմանագրերը: