Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համարյա ամուսնություն

Քաղաքականություն
a38067cc4ef09f7bf4af5de8f9848dd5

Ինչպես ճիշտ զարգացնել գաղափարը և հաջողության հասնել. այս հարցի պատասխանը Հեքըթոն[ՅԱՆ] 2013-ի մասնակիցներին տվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ, Սորսիո ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը. նա ներկայացրեց հաջողության իր պատմությունը:

Ավոյանի խոսքով՝ այնպես չի եղել, որ մի օր մի բան արել է ու հանկարծակի հաջողության հասել. քայլ առ քայլ է առաջ գնացել:

Իսկ ձախողումներից, ըստ Ավոյանի վախենալ պետք չէ. ամեն ձախողում իր մեջ պարունակում է նաև առաջիկա հաջողության նախադրյալները:

«Բախտը կարևոր է, բայց կարևոր է նաև ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ճիշտ գործ անելը: Եթե մարդ նստի և սպասի բախտին, ոչնչի չի հասնի: Ինչքան շատ փորձեր անես, այնքան բախտիդ գործակիցը կավելանա»,- ասում է Ավոյանը:

Նա կարևորում է նաև ճիշտ թիմի ընտրությունը՝ այն համեմատելով ամուսնության հետ. «Ինչպես ամուսին ես ընտրում, այնպես էլ պիտի թիմակիցներիդ ընտրես, քանի որ օրվա մեծ մասն անցկացնելու ես թիմակիցներիդ հետ, կարևոր է, որ միմյանցից ինչ-որ բան սովորեք, շփումը հաճելի լինի»:

Ավոյանն իրեն հաջողակ է համարում, քանի որ միշտ կարողանում է ճիշտ մարդիկ իր կողքին հավաքել և ճիշտ մոտեցում ունենալ կյանքին: «Դա իմ հաջողության բանալին է »,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանում գործող 14 ընկերություններ ստեղծվել կամ ղեկավարվում են իր նախկին աշխատակիցների կողմից:

Մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե արդյոք Ավոյանն իրեն մեծահարուստ համարում է՝ ունենալով հաջողված բազմաթիվ սթարթափեր (start up): Ի պատասխան նա նշեց. «Ես ի վիճակի եմ ներդրումներ անել նոր ընկերությունների մեջ, ունեմ հնարավորություն իմ ուզած կյանքով ապրելու և օգնելու ուրիշներին»:

Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասնակիցները Ավոյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց նա պատասխանեց՝ օրինակներ բերելով հաջողության իր պատմությունից:

Դեկտեմբերի 21- ին` ժ. 11:00 Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում մեկնարկեց Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության մրցույթը

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

«Մեդիա կենտրոն»